Ադրբեջանցիների կողմից շրջանառվող քարտեզն ուղղակի նկար է, այն իրավական հիմք չունի․ Ռուբեն Գալչյան

78

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, 168 TV-ի եթերում խոսելով Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ում «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հայտնի հրապարակման մասին, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանագծում և սահմանազատում անել 1919 և 1920 թվականների քարտեզներով, ասաց, որ մինչև 1918 թվականն Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ երբ 1918 թվականին այդ պետությունը «ծնվեց», չունենալով ոչինչ, սկսեց պահանջել իր հարակից տարածքների մի մասի միացումն իրեն։

«Այդպես Ադրբեջանը սկսեց տարածքներ պահանջել Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Հիմա նույնը շարունակում է՝ չունենալով իր այդ պահանջի համար որևէ փաստական ապացույց. Ադրբեջանի կողմից հրապարակված քարտեզը, ըստ որի՝ Հայաստանի Սյունիքի մարզը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Սևանի մի հատվածն ադրբեջանական է, իրավական որևէ հիմնավորում չունի. այն սոսկ ադրբեջանական ցանկությունների հիման վրա նկարված մի քարտեզ է»,- վստահեցնում է քարտեզագիրը։

«Երեկվանից ադրբեջանցիների կողմից շրջանառվող սև և սպիտակ գույներով այդ քարտեզն ուղղակի նկար է, այն իրականության հետ կապ չունի. ավելին՝ այդ քարտեզի նմանությամբ մեկ քարտեզ 1919 թվականին Ադրբեջանը ներկայացրել է Ազգերի լիգա, որը, սակայն, մերժվել է, հետևապես, եթե Ադրբեջանը հիմա խոսում է իրավական որևէ հիմնավորում չունեցող իրենց երազանքի քարտեզներով, ապա մենք էլ կարող ենք մեր երազանքի քարտեզը դնել սեղանին. օրինակ՝ կա ամերիկյան հայտնի քարտեզագրական մի ընկերություն, որը հրատարակել է մի քարտեզ, որտեղ Հայաստանը սկսվում է արևելյան Թուրքիայից և ավարտվում Բաքվում. դե՛, եթե այդպես է, մենք էլ կարող ենք այս քարտեզը դնել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային սեղանին»,- ասաց Ռուբեն Գալչյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կողմից հրապարակված կեղծված քարտեզով Նախիջևանը Հայաստանինն է։