Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին ստամոքսիս վերքի մեջ, կծու պղպեղ փչում աչքերիս․ VICE-ը` հայ ռազմագերիների կտտանքների մասին

262

Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին ստամոքսիս վերքի մեջ, կծու պղպեղ փչում աչքերիս։ Այս մասին VICE-ին պատմել են Բաքվի բանտերում գերության մեջ հայտնված հայ զինվորները։

VICE World News-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ինչ սոսկալի կտտանքների են ենթարկվել հայ ռազմագերիները Բաքվի բանտում։

Ըստ լրատվամիջոցի՝ դեռևս ադրբեջանական գերության մեջ են գտնվում 218 անձ։

Թերթը պատմում է Վազգենի պատմությունը, ով ծանր վիրավոր է եղել և 7 օր անշարժ պառկած է եղել դաշտում՝ սնվելով մոտակա ծառից թափված խնձորներով։ Ադրբեջանցի վարձկանները նրան արյունոտված բերել են ռազմական օբյեկտ: Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում նրան տեղափոխել են մի ստորաբաժանումից մյուսը և դաժանաբար ծեծի ենթարկել։

«Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցրին ստամոքսիս վերքի մեջ: Նրանք կծու պղպեղ փչեցին աչքերիս մեջ և վառեցին ձեռքերս, հետո փայտերով ծեծեցին ինձ: Պարբերաբար ինձ հանձնում էին զինվորների նոր խմբի, ովքեր ինձ ծեծում և խոշտանգում էին»,- պատմել է թշնամու գերությունից ազատված Վազգենը։

Մեկ այլ զինվոր էլ պատմում է, որ իրեն շղթայել են տաքացուցիչի մոտ և ծեծել։ Հետո մի քանի օր շարունակ նույն դիրքով է մնացել, ամբողջությամբ վերքերի մեջ։

Գերությունից վերադարձած զինվորները պատմել են, որ իրենց ստիպել են տեսախցիկների առաջ ասել այն, ինչ իրենց թելադրել են ադրբեջանցիները։Իսկ իրենք չեն կարողացել հրաժարվել, քանի որ ադրբեջանցիների ձեռքին էլեկտրաշեկեր են եղել և այլ գործիքներ, որոնցով բռնության են ենթարկել նրանց։

VICE World News-ին ուղարկված պարզաբանման մեջ ՄԻԵԴ-ը հայտնել է, որ զբաղվում է 218 ենթադրյալ գերիների վերաբերյալ միջանկյալ խնդրանքներով: