Ադրբեջանական հարձակման հետևանքով հայ ռազմագերիների թիվը հասնում է երկու տասնյակի

114
Հայաստանի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Այս պահին մենք կարծում ենք, որ շուրջ երկու տասնյակ գերի կա։ Տեսանյութերն ուսումնասիրվում են, և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում պետական կառույցների կողմից, ինչպես նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Կարմիր խաչը ևս տեղեկություն է հավաքագրում հարազատների դիմումների հիման վրա»,– նշել է Սահակյանը։
Նա ընդգծել է, որ բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։