Ադրբեջանական սահմանային և մաքսային կետերից կունենանք նաև Տիգրանաշենում, Ոսկեպարի շրջանում

205

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, բացահայտեց իր բոլոր ծրագրերը, այսպես կոչված «խաղաղության ծրագիրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։

Քաղաքական գործիչը հայտարարեց, որ Փաշինյանի ծրագրերի երեք հիմնական ուղղություններից մեկն է՝ սկսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է առաջիկա օրերին։

Շահնազարյանը՝ լինելով Հայաստան-Թուրքիա բանակցույթունների առաջին պաշտոնական մասնակիցը և բանակցողը, կրկին հայտարարեց, որ այս իրավիճակում գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման, մեծագույն սպառնալիք է ՀՀ-ի համար։

«Իրավիճակը կտրականապես փոխվել է պատերազմից հետո։ Պատերազմը չի ավարտվել։ Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ, որոնք փաստացի ընդունվել են ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից»։

Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագրը, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախի հանրապետությունը որպես Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչել ու հրաժարվել Ցեղասպանության հարցից։ Առաջ է քաշվել նաև նոր՝ չորրորդ պայմանը՝ միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը այլ կերպ կոչվում է «Թուրանի միջանցք»։

Երկրորդ սպառնալիքը սահմանազատման հարցն է։ Շահնազարյանը վստահեցնում է, որ գործընթացը երկար չի տևի և արդյունքում Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական սահմանային և մաքսային կետերից կունենանք նաև Երևան-Գորիս ճանապարհի վրա, Տիգրանաշենում, Ոսկեպարի շրջանում։

«Սա ըստ էության արդեն հայտարարված է ՀՀ իշխանության կողմից։ Անհեթեթություն է, որ այդ կերպ կատարվում է սահմանազատման աշխատանքները,- նշեց նա և հավելեց,- Անկախ այն բանից, թե այս երեք գործընթացները կհաջողվեն, թե ոչ, Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է անմիջապես դրանք չեղյալ համարել՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքը»։