Ադրբեջանական կողմը պահանջել է սահմանների փոփոխություն Տավուշի շրջաններում․ ով խոչընդոտեց, որ Սյունիքի սցենարը չկրկնվի

136

Միանշանակ է, որ ադրբեջանական կողմը պահանջել է սահմանների փոփոխություն Տավուշի շրջաններում, սակայն այնտեղ Սյունիքի սցենարը չի կրկնվում տեղի բանակային կորպուսի և հրամանատարի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։

Փորձագետը նշեց, որ դժվար է ասել, թե այժմ ինչ է կատարվում Տավուշում, սակայն ունենք մի ղեկավարություն, որի օրոք ամեն ինչ հնարավոր է։ Արմեն Մանվելյանը հիշեց՝ որոշ ժամանակ առաջ Տավուշում ռուս զինվորականներ հայտնվեցին, հետո Տավուշի կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի դեմ ինչ-որ ակցիաներ սկսվեցին, փորձ արվեց նրան վարկաբեկել. «Կարելի է ենթադրել, որ փորձ է արվում ինչ-որ գործընթացներ իրականացնել, որին, հավանաբար, խանգարում է Գեորգի Խաչատուրովը, ում ուզում էին հեռացնել։ Միանշանակ է, որ ադրբեջանական կողմը պահանջել է սահմանների փոփոխություն Տավուշի շրջաններում և տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունները բոլոր հարցերում ընդառաջում են Ադրբեջանին»,-նշեց Արմեն Մանվելյանը։

Վերջինս ընդգծեց՝ այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում, Տավուշում տեղի չի ունենում տեղի բանակային կորպուսի և նրա հրամանատարի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ։ Արմեն Մանվելյանը, սակայն, չբացառեց, որ հնարավոր է նաև Տավուշում ականատես լինենք այդ խայտառակ գործընթացին. «Տեղի հրամանատարի շնորհքն է, որ Տավուշում զարգացման վատագույն տարբերակը դեռ չի աշխատում։ Հույս ունեմ, որ նախընտրական շրջանում այդ գործընթացները կանգ կառնեն, քանի որ Նիկոլը վերարտադրվելու ուղղությամբ է գնում և այս պահին դա կխանգարի իր վերարտադրմանը»,-նշեց փորձագետը։