7 սերժանտ ծեծել են իրենց ծառայակցին

10

Զինված ուժերի N զորամասերից մեկում հոկտեմբերի 14-ի կեսօրին, 7 սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել, քիթը կոտրել նույն զորամասում ծառայող մեկ այլ սերժանտի:

Վեճն սկսվել է կատակից, այնուհետ շարունակվել է փոխադարձ հայհոյանքով եւ խմբակային ծեծկռտուքով: Այդ մասին հայտնեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

Ծեծկռտուքի ժամանակ սպայական կազմը եղել է խորհրդակցության: Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տեսանյութի հիման վրա կատարվում է քննություն եւ, ըստ Վլադիմիր Գասպարյանի, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:

Ի դեպ, միջադեպի մասնակիցները զղջում են իրենց արարքի համար:
Բոլոր զինծառայողներն էլ մոտ 45 օրից պետք է զորացրվեին: Նրանցից երեքը միակողմանի ծնողազուրկ են, արհեստավորի, մանկավարժի, արտագնա աշխատանքի մեկնող աշխատավորի ընտանիքի զավակներ: Փոխնախարարն իր մոտ հրավիրել էր նաև ծնողներին: Նրանք հուսահատ էին կատարվածի պատճառով ու թեև լրագրողների հետ շփվել չցանկացան, սակայն իրենց որդիների արարքը ստորություն գնահատեցին: