5-10 տարի հետո Եվրասիական Միությունը կանցնի միասնական արտարժույթի. Շուվալով

12

Մաքսային միության երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 5-10 տարի անց հնարավոր է միասնական արժույթ ունենան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Տեղեկացնում է News.tut.by կայքը:

«Կանցնի 5-10 տարի, կլինի միասնական էմիսիոն կենտրոն և միասնական արժույթ: Մենք արտարժույթը կարող էինք պահել, եթե ԽՍՀՄ փլուզումից հետո ռուբլին պահպանեինք: Մենք քանդել ենք մեր միասնական տնտեսական դաշտը, և հիմա, լինելով առանձին պետություններ, նորից ստեղծում ենք այդ միասնական դաշտը»,- ասել է Շուվալովը:

Հիշեցնենք, որ միասնական արժույթի անցնելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով առաջարկել էր ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միությունում անցում կատարել մեկ միասնական արժույթի, որի անունը կլիներ ալթըն:

Նշենք, որ միասնական արժույթի հարցը նոր ակտուալություն ստացավ 2014թ-ին մայիսից հետո, երբ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիրը: