ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից ուղիղ եթերով ներկայացրել է արդեն երկու օր շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված իրավիճակը.
«48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել` հպարտ եմ, որ ձեզ հետ եմ: Ես իսկապես տեսնում եմ համախմբություն։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու, եւ դա ինձ ոգեւորում է: Ես կասկած չունեի, հիմա ավելի եմ վստահ, որ մենք հաղթելու ենք»,-ասել է պետնախարարը:
Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց նաև շրջափակման մեջ գտնվող Արցախի առաջնային խնդիրները.
«Համար մեկ հարցը վառելիքի հարցն է, մենք չգիտենք՝ որքան կշարունակվի այս շրջափակումը, չգիտենք՝ որքան ժամանակ պետք կլինի, որ մենք վառելիք հասցնենք, որով հիմա զբաղվում ենք: Դրա համար մտցրել ենք խնայողության ռեժիմ բոլորի համար, այդ թվում կառավարության եւ պետական գերատեսչությունների: Հատուկ ռեժիմ ենք թողել միայն հատուկ ծառայությունների համար՝ շտապօգնություն, տրանսպորտ և այլն:
Երկրորդ կարևոր հարցը վերաբերում է մարդկանց, որոնք բաժանվել են իրարից: Ցավոք, նրանց թվում կան երեխաներ, որոնք գնացել էին «Եվրատեսիլ» դիտելու կամ այլ միջոցառումների և հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ, ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անում ենք ամեն ինչ, որ նրանք ունենան առավելագույն նորմալ պայմաններ, այդ թվում էքսկուրսիաների գնան: Դրա համար շատ շնորհակալ եմ Գորիսի քաղաքապետին: Կան մարդիկ, որ գնացել են Հայաստան բուժման կամ այլ խնդիրների համար և հիմա բնակվելու կամ փողի հետ կապված խնդիրներ ունեն: Մենք բոլոր այդ տեղեկությունները հավաքում ենք, մշակում ենք և առավելագույնս արագ լուծում ենք բոլոր հարցերը: Գուցե որոշ դեպքերի մասին չգիտենք, դրա համար ովքեր հայտնվել են նման իրավիճակում, խնդրում եմ զանգահարել 119 համարով»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:











