30 տարի անցավ. մոտենում է դեկտեմբերի չարաբաստիկ 7-ը

15

Հայ մարդու տեսակի մասին սիրում են դատողություն անել և միշտ բացասական միտումով։ Հայ մարդն ուղղորդված է միայն իր մեջ տեսնել ամեն վատը, չարը, մեղավորը։ Նա  անտեսում է օտար չարի միջամտությունը, ներգործությունը և ամեն վատ բան մեկնաբանում հայ տեսակով։ Ցավալի և վտանգավոր երևույթ է։

Վատ երևույթներ, հակումներ բոլոր ազգերի մոտ էլ կան, չասենք «Երուսաղեմում շուն չկա՞», այլ մտածենք, բա մնացյալ երկրների բանտերը մի՞թե դատարկ են, կամ այդքան խորը գիտե՞նք արդյոք, թե ինչքանով  են մեր հավանած երկրները կատարյալ։ Իհարկե, կա նախանձելի օրենք և կարգ, որ երազելի է մեզ համար, և մի հարվածով չէ, որ այն մերը կդառնա, եթե մենք իսկապես ուզում ենք այդ։ Ինչևէ…

Ես ուզում եմ անդրադառնալ երկրաշարժի հենց նույն օրը կատարված իրադարձություններին՝ 30 տարի անց ականատեսի վկայությամբ…

Կոչ արվեց, որ հիվանդանոցներում տուժածներին արյուն է պետք…Այդ կոչով բազմաթիվ ընտանիքներ վազեցին դեպի մոտակա հիվանդանոցները։ Մեր ընտանիքը հասավ 3-րդ մանկական հիվանդանոց, որտեղ արյուն տալուց հետո ես մնացի երեխաներ խնամելու…Նրանք սովորական երեխաներ չէին, հրեշտակներ էին՝ զարմացած, տխուր ու լուռ… Բառիս բուն իմաստով ամբողջ Երևանը հիվանդանոցներում էր և այդ համարյա մեկ ամիսը, որ գիշեր-ցերեկ մնացի հիվանդանոցում, ուտելիքների և հագուստեղենի գրոհն անսահման էր։ Գալիս , խնդրում աղաչում էին, վերցնել բազմաթիվ ուտելիքներ, տաք հագուստեղեն։ Լաց էին լինում հուսահատ, ինչու չենք ուզում ուտել, խնդրում էին, որ հերթով խնամեն, օգնեն բուժ անձնակազմին…Ինչ հիանալի ներդաշնակություն էր, իրար սատար կանգնելը, միմյանց մխիթարելը։ Ամբողջ բազմահարկ հիվանդանոցը լիքն էր խնամողներով, լեփ-լեցուն ուտելիքներով և հագուստներով, մինչև օգնության օտար աղբյուրների գալը։ Ոչ մեկի աչքին ոչինչ չէր երևում, բոլոր պալատների խնամողները իրար հարցնում էին՝ ինչ է պետք, բոլորը զանգում տնից պահանջում  էին ամեն անհրաժեշտը, տնեցիներն էլ սլանում էին կատարել՝ պատրաստակամ, արցունքոտ աչքերով։

Ես շրջեցի հիվանդանոցի  բոլոր հարկերով, մտա բոլոր սենյակները և տեսա երեխաների լուռ համակերպումը… Բոլորին գուրգուրեցի, համբուրեցի, հուսադրեցի… Եվ հանկարծ մի ձայն ինձ հանկարծակիի բերեց. «Հորքուր, տես՝ ինչ սիրուն ձեռնոցներ ունեմ», դա մորաքրոջս թոռն էր, վիրակապված աչքով, ով ինձ ճանաչել էր։ Մի կին էլ նրան էր խնամում՝ իր երկու երեխաներին տանը թողած… Մեր ընտանիքը շատ զոհեր տվեց, որոնց ցավը միաձուլվեց հազարավորների ցավի հետ և դարձավ մի ընդհանրական Վիշտ… Տարիներ հետո էլ եղած կորուստները մարդիկ միացնում էին այդ մեծ Վշտին, առանձին ցավ չկար արդեն…

Սկսվեցին փնտրտուքները այլ հիվանդանոցներում գտնելու այդ երեխաների հրաշքով կենդանի մնացած ծնողներին։ Շատերն արդեն ուզում էին որդեգրել հիվանդանոցի երեխաներին։ Ես անցա պայքարի, որ եթե չգտնվեն, այդ դեպքում թող դիմեն պետությանը, իսկ մինչ այդ՝ չխորացնեն կենդանի մնացած ծնողների ցավը, որոնք կարող է և այլևս երեխա չկարողանան ունենալ։ Փնտրտուքը տվեց արդյունքներ, խնամյալ երկու երեխաներից մեկի ծնողները գտնվեցին ուրիշ հիվանդանոցում՝ կոտրվածքներով, որոնց հետագայում մեր տանը երկար ժամանակ խնամեցինք։ Մյուսի մորաքույրը գտնվեց։ Այսպիսի շատ պատմություններից հետո մի քանի հոգով ձեռնամուխ եղանք հաշվառելու միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների։ Հաշվառում էին նաև տեղական մարմինները, մենք որոշեցինք ճշտել, թե որտեղ և ում մոտ են մնում երեխաները։ Գյումրիի ավերակ, փողոց ու տուն խառնված տարածքներում, կիսաքանդ տներում մենք ականատես եղանք բազմաթիվ հուզիչ պատմությունների։ Ծնողազուրկ մի երեխայի խնամում էր հարևանի կինը, մի 10-12 տարեկան աղջկա գտել էր հոր երկրորդ կինը՝ միայն երկուսով էին մնացել և իրար կպած էին քայլում, մի 3 տարեկան երեխա մնացել էր 80 տարեկան տատի հետ։ Գյումրին չէր թողնում իր քաղաքի երեխաներին տանել մանկատները, իրենց վշտերի հետ նրանք նախանձախնդիր էին խնամելու հարևանի, բարեկամի, ծանոթի որբուկներին, շատ վճռականորեն։ Հետագայում այդ տատիկը, երկար համոզելուց հետո համաձայնվեց ապրել մի երիտասարդ ընտանիքի հետ, որոնք զավակ չունեին և կպահեին երկուսին էլ հարազատի պես:

Երևանում թափ առավ որդեգրման ալիքը, հերթը հասնում էր փողոցի ծայրը։ Երևանցիները պահանջում էին որդեգրել բոլոր երեխաներին, միայն թե նրանց չհանեն հանրապետությունից. մեր երեխաները օտարի բաժին չդառնան։ Կանգնած էին բազմանդամ ընտանիքներ ունեցող տղամարդ և կին, հերթագրությունը չէր ընդհատվում, կազմվեց մի հսկայական ցուցակ, բոլոր մանրամասներով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն։ Հանրապետությունից բազմաթիվ ընտանիքներ և երեխաներ էին դուրս հանվել՝ մեծ մասը չճշգրտված ուղղություններով, մեր ցավը քիչ էր, անորոշությունն էլ ավելի էր սթափեցնում։ Որոշ տեղեկություններ հայթհայթվեցին, որոշ հեռախոսներով զանգոմ և խնդրում էի երեխաներին, որ չհուսահատվեն, իրենց հետ կվերադարձնեն, որ հակարծ չհամոզեն  մնալ…Ես համարձակություն ունեցա մտնել ԿենտԿոմ, դուրս տարված երեխաների հարցով։ Ինձ սրտնեղած պատասխանեցին, որ իրենք էլ են հայ և մտահոգ, ճշտում են դրսի երեխաների հաշվառումը…

Ցուցակները բավականին ճշգրտված էին՝ մոտ 6,5 հազար միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ…Դե եկ ու մի խելագարվի…եթե արդեն դիմացել ես Գյումրիում տեսածդ արհավիրքին։ Տեսնես ինչը փրկեց չխելագարվելուն… Սիլվա Կապուտիկյանի առաջարկով իմ անունով բացվեց հաշիվ։ Կազմակերպվեց համահայկական առաջին Մարաթոնը, Ալբերտ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Ամբողջ գիշեր ես, բժիշկ վնասվածքաբան Կարեն Կոլոյանը և Կիրովականի ներկայացուցիչը ներկայացնում  էինք Մարաթոնը  հեռուստալրագրող Ժաննա Ղոչիկյանի  հետ…

Եվ եկան գումարներ անհատներից ու կազմակերպություններից։ Փոխանցումների կուտակումից հետո խնայդրամարկղներում հաշիվներ բացվեցին երեխաների անունով, դա ավելի ճիշտ էր… Մոտ կես միլիոն փոխանցվեց Սպիտակում վերականգնողական կենտրոնի շինարարությանը և վերջին գումարը Շուշիի և Գետաշենի ծնողազուրկ որբերին։

 Սա մի կցկտուր հիշողություն է բազմաթիվ բացթողումներով, որ վերքերը չբորբոքվեն նորից։ Հիմա հոգիս տակնուվրա կմնա մի քանի օր… Բոլոր ցուցակների քրքրված թերթերը պահում եմ իմ արխիվում՝ բազմաթիվ նշումներով ու ճշգրտումներով ու չեմ ուզում թերթել։ Միշտ հիացած մնալով հայ մարդու հոգեկերտվածքին  ու զարմացած արհավիրքների ժամանակ նրա ողջախոհությանն ու նվիրվածությանը…

 

Մի՛ ուրացեք Հայի լավագույն հատկանիշները, որը կարող է նաև խխունջվել, ներամփոփվել ու… ժայթքել… Միայն չասեք, որ արհավիրքների ժամանակ է այդպես։Կարողացե՛ք նրբանկատորեն նաև շուրջը դիտել, ձեր նմանին հետևել և նկատել նրա պահվածքը տարբեր դրսևորումներով… Ամեն մարդկայինը չէ, որ ցուցադրվում է, այն բնական է համարվում և կատարվում  է ի սրտե, առանց ակնկալիքների …

Հայ տեսակը հազվագյուտ տեսակ է, որի համար էլ օտարը միշտ ձգտել է այն աղճատված ներկայացնել և հենց հային ներշնչել բացասական լիցքը, դա նրա հաղթելու ձևերից մեկն է, իսկ թշնամին մեկը չէ…Զգոն լինենք…

 

 

Հիվանդանոցում խնամելու ընթացքում լինում էին տարբեր պահեր, որոնք խորը դաջվում էին ուղեղիդ ծալքերում… Մի քանի դրվագ

Փոքրիկների հիվանդասենյակներում լրացուցիչ մահճակալներ չկային, ես նստած էի քնում աթոռի վրա, եթե քնում էի։ Մի կին՝ նորածին երեխան գրկին, հանկարծ ննջեց ու երեխան սահեց հատակին, իմ ճչոցին զարթնեց ու լացեց, քանի օր է՝ չէր քնել…

Երեխաներից մեկը, մոտ 7 ամսեկան, մի ամբողջ օր աղիողորմ լալիս  ու մորն էր կանչում, ոչ ոք չէր կարողանում նրան հանգստացնել, գրկից գիրկ էինք վերցնում՝չէր հանգստանում, մինչև ուժասպառ քնում էր։

Մի երեխայի, մոտ 4 ամսեկան, անհրաժեշտ էր կաթիլային, մի քանի օր նույն ժամին ես տանում ու նստում էի կողքը, ձեռքը բռնում, շոյում, որ չվախենա…իսկ ես նրա ցավոտ-զարմացած հայացքին չդիմացա ու ուշագնաց եղա, բժիշկը նկատողություն արեց բուժքրոջը, որ մայրերին չթողնի երեխաների այս պրոցեսին։ Բուժքույրն ասեց, որ մայրը չէ, խնամող է, «եթե խնամում է, ուրեմն մայր է», վրդովվեց բժիշկը։
Այդ երեխայի մորը հետագայում գտա 6-րդ հիվանդանոցում, կոտրված ոտքով, մեր ընտանիքը անցավ նրան խնամելու։ Երբ արդեն հենակների վրա էր, տարանք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց երեխային տեսնելու, հեռուստատեսությունից էլ հրավիրել էին, երեխան իմ գրկից ոչ մի կերպ չէր պոկվում մոր մոտ գնալու համար, ճչում էր սարսափած, մի կերպ  տվեցի մորը, բայց անարդյունք։ Հետո, որ այդ ընտնիքի 4 անդամներին տարանք մեր տուն, երեխային ընտելացրինք մոր հետ։ Պարզվեց, որ նա հղի է ու ուզում է հեռացնել պտուղը, ես ծնկաչոք խնդրեցի նրան չանել այդ, մենք այնքան կորուստներ ունենք, որ իրավունք չունենք նոր զոհերի։ Կարողացա համոզել, ու ծնվեց տղա։ Նրանք բնակվում էին Սպիտակի շրջանի Սարատակ գյուղում։
Մի հրեշտակային աղջնակ Գյումրիից՝ չորրոդ հարկում, պատմեց, որ ինքը պարուհի է, եթե ողնաշարը չբուժվի, չի ուզենա ապրել… մի քանի օր այցելում ու հուսադրում էի նրան…

Գյումրիում, ցուցակների ճշտման ժամանակ, մտանք մի տուն, սենյակում մահճակալին նստած էր արտակարգ գեղեցիկ երիտասարդ կին, մի աղջիկ ուներ։

Երբ հանկարծ նկատեցի, որ նրա երկու ոտքը չկա, հեկեկացի, իսկ ինքը ինձ մխիթարում էր։ Բուժքույր է եղել, շատ գեղեցիկ ոտքեր է ունեցել։ Հետո նրան պրոտեզավորեցին ու …ամուսնացավ ֆրանսահայ մի ազնվական երիտասարդի հետ, որը նրան շատ սիրեց ու ունեցան 2 երեխա ևս։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան, եղբայրս աշխատատեղի հերթական խմբով գնաց Գյումրի…
Մնացին 3 օր, չնայած արգելում էին այդքան երկար մնալ, որ հոգեբանական խեղումներ չստանան տեսածից։ Վերադարձավ այլափոխված, նստեց բազկաթոռին ու լռեց 2 օր՝ աչքերը չռված, բերանը կիսաբաց, անշարժ քարացած։
Ոչ մի հորդոր չէր լսում, չէր հասկանում, չէր ընկալում…Մայրս ծնկի եկավ նրա առաջ, խնդրեց խղճալ իրեն՝ 10 զոհ ունեինք տոհմի մեջ, որ իր տան ճրագը չմարի։
Այդ ամբողջ գիշեր եղբայրս ոռնում էր ու… առանց դադարի, առավոտյան թուլացած քնեց: Այդ ի՞նչ հրեշավոր վիճակներում էր տեսել մեծ ու փոքրին, որ աչքերից չէին հեռանում ահարկու տեսարանները…

Թող անիծված լինեն մեր ժողովրդի դեմ դավեր գործած երկրներն ու անհատները…