3 օր է Մեծ Շենն ու Հին Շենը շարունակում են մնալ ադրբեջանական շրջափակման մեջ․ ժողովրդին այսպես խաբում են, մինչեւ վերջ պահում են․ համայնքապետ

40

Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն համայնքները շարունակում են մնալ ադրբեջանական շրջափակման մեջ։

NEWS.am-ի հետ զրույցում Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ եկել են ռուս խաղաղապահները, ընթանում են բանակցություններ։

«Գյուղը տարհանվելու ենթակա չի, ժողովուրդն էլ ցանկություն չունի դուրս գալու։ Ինչպես երեկ էր վիճակը, այնպես էլ այսօր է։ Ռուս խաղաղապահները եկել են, բայց ճանապարհները դեռ չեն բացվել։ Սպասում ենք՝ Մուրադովը գա, որոշում պիտի կայացրած լինի. տեսնենք՝ հարցը ոնց է լուծվել»,- նշեց նա։

Սամվել Սարգսյանի խոսքով՝  համայնքի այդ ճանապարհները, որ փակվել են, պիտի բացվեն. «Եթե սա ադրբեջանական տարածք լինի, թող գան, բայց սա հայկական տարածք է, պապենական հող է։ Ուզում են բնակչության շրջանում լարվածություն ստեղծել, տարհանել, հոգեբանորեն ճնշել, բայց չի ստացվում»։

NEWS.am-ի հետ զրույցում Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն էլ նշեց, որ իրենց մոտ դեռ ռուս խաղաղապահներ չեն եկել. գյուղը 3 օր է՝ շրջափակման մեջ է։

«Ես գյուղում եմ, սպասում եմ, որ իշխանության ինչ-որ ներկայացուցիչ գա, ասի՝ ինչ անենք։ 3 օր է՝ շրջափակման մենք ենք, բայց ոչ մեկ չի ուզում ներկայանա, ասի՝ ինչ անենք։ Ժողովրդին այսպես խաբում են, մինչեւ վերջ պահում են, որպեսզի առանց ապրուստի դուրս գան։ Եթե սրանք հայկական հողեր են, թող հանեն իրենց, եթե չեն հանում, ուրեմն մերը չի»,- նշեց նա։

Դավիթ Դավթյանի խոսքով՝ եթե այս գյուղերն էլ հանձնեն, ապա Արցախն այլեւս գոյություն չի ունենա. «Ստեփանակերտը Հայաստանից 50 կիլոմետրով կտրվելու է։ Եթե կա պայմանավորվածություն, գծված քարտեզ, ապա պետք է հանեն։ Սա հայկական հող է, թուրքը երբեք այստեղ չի մտել, պարզվում է՝ տված է։ Ժողովրդի աչքերն էլ փակած են պահում։ Գոնե ժողովրդին հանեն, ասեն՝ տված է, գնացեք։ Ուզում են Խծաբերդի նման անեն, ժողովրդին գերեվարեն»։

Համայնքապետը նշեց, որ բնակչության շրջանում այս պահին խուճապ կա, անելանելի դրության մեջ են։