23 միլիոն դրամանոց դատարկ տաղավար՝ բուկլետներ բաժանելու համար․ ինչու ցուցանմուշները չհասան Աբու Դաբի

96

Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում ընթանող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է դատարկ տաղավարներով՝ միայն բուկլետ բաժանելով։

Օգտատերերից մեկը գրել է, որ պատճառը «Իմ քայլում» ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկն է, ով կարողացել է ձախողել մեր ցուցանմուշների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտը իրենով անի»։

Սրան հաջորդեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրությունը, որով նշում էին՝ իբր, թե ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

«Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։  Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»,-հայտնել են նախարարությունից:

Հարկ ենք համարում նշել, որ hetq.am-ը պարզել է, որ  IDEX-2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի կառուցապատման և դիզայներական աշխատանքների կատարման նպատակով դեռևս փետրվարի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ:

Այսինքն, պետական բյուջեից 23 մլն դրամ է ծախսվել դատարկ տաղավարի և բուկլետների համար։

Ի տարբերություն հայկական դատարկ տաղավարի, Ադրբեջանը ցուցադրել է իր զենքի տեսակները: