ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցվության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է 213 հոդվածը շարադրել նոր խմբակցությամբ։ Նախագծով ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին։ Մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով, և նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ, ասաց Հովակիմյանը։
«Ըստ այդմ՝ Սամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողությամբ 12 տարվանից ավելի են պաշտոնավարում։ Իսկ ՍԴ այն անդամ դատավորները, որոնք ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը։ Այսպիսով՝ ՍԴ բոլոր անդամ դատավորների կարգավիճակը կհավասարեցվի»,- ասաց նա։
Ըստ Հովակիմյանի՝ 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը ևս կդադարեցվի։ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով, ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո։ «Այսպիսով, մենք լուծում ենք նաև այն խնդիրը, որ նոր դատավորները, որոնք կընտրվեն, իրենք նույնպես հնարավորություն ունենան ակնկալել ընտրվել ՍԴ նախագահ»,-հավելեց Հովակիմյանը։











