2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար․ Հետք

434
2021-ի մայիսի 12-ին, օգտվելով 44-օրյա պատերազմում պարտություն կրած կառավարության ղեկին գտնվող Փաշինյանի իշխանության թողտվությունից, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին: Գրում է Հետքը։
 
Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։
 
3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։
 
Կարմիրով նշված են հայկական, իսկ կապույտով՝ ադրբեջանական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է
Օգտվելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզից, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից՝ «Հետքը» չափել է 2021-ի գարնանը թշնամու օկուպացրած ՀՀ տարածքը:
 
Ինչպես ենք չափել
 
«Google Maps» եւ «Google Earth» համակարգերն իրենց արբանյակային պատկերները պարբերաբար թարմացնում են: Սակայն թարմացվում է ոչ թե ամբողջ համակարգը, այլ կոնկրետ սեգմենտներ՝ կախված արբանյակներից ստացվող պատկերներից:
 
Ինչպես հայտնի է, թշնամին 2021-ի գարնանից հայտնվել է նաեւ Վարդենիսի Կութ բնակավայրի տարածքում, սակայն մենք չափել ենք Կութի հարեւան Նորաբակ գյուղից հարավ եւ հարավ-արեւելք գտնվող ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիայի ծավալները (դրա համար էլ նշում ենք առնվազն 3200 հեկտարի մասին), քանի որ «Google Maps»-ում եւ «Google Earth»-ում Կութի սահմանային հատվածի վերջին արբանյակային պատկերն արվել է 2019-ի հոկտեմբերի 18-ին՝ նախքան օկուպացիան, իսկ Նորաբակից հարավ՝ 2021-ի հոկտեմբերի 23-ին՝ օկուպացիայից հետո:
Այսինքն՝ հիմնվել ենք 2021-ի հոկտեմբերի 23-ին առկա դիրքային իրավիճակի վրա: Օկուպացիայի ծավալները չափել ենք՝ ուղիղ գիծ անցկացնելով ադրբեջանական առաջապահ դիրքերի միջեւ: 3200 հեկտարը հենց այն տարածքն է, որն այժմ գտնվում է այդ դիրքերի թիկունքում: Սակայն պարզ է, որ ռազմավարական նշանակության բարձունքների գագաթներին հայտնված թշնամու դիտարկման ներքո հայտնվել է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ 3200 հեկտարն է:
 
Ինչպես կարելի է տեսնել քարտեզում, առաջին օկուպացված գոտու՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Ներքին Շորժայի հարեւան դիրքեր ընկած տարածքի մակերեսը 11,4 քառ. կմ է կամ 1140 հեկտար: Իսկ երկրորդ գոտու տարածքը, որն ընդգրկում է Վերին Շորժա-Ծար ճանապարհից մինչեւ Մեծ Ծարասար (բարձրությունը՝ 3441 մ, ըստ «Google Maps»-ի` գտնվում է ՀՀ տարածքից դուրս) հատվածը, 20,7 քառ. կմ է կամ 2070 հեկտար:
 
Սահմանի այս հատվածի ամենաբարձր կետն անցել է թշնամու վերահսկողության տակ
 
ՀՀ-Ադրբեջան սահմանը Սոթքի ոսկու հանքավայրից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր անցնում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթայով: Դրա ամենաբարձր գագաթներից մեկը Ծարասարն է, որի բարձրությունը 3426 մ է (նկարում եւ քարտեզում՝ բաց կապույտ նշանով): Այս լեռը, որը հայ-ադրբեջանական սահմանի բաժանարար կետ է, 2021-ի մայիսից հայտնվել է թշնամու թիկունքում 3,8 կմ խորությամբ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները Ծարասարի հատվածում ուղիղ գծով առաջ են եկել մինչեւ 3,8 կմ: Լեռնագագաթից դիտարկվում է ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը, այդ թվում՝ Սեւանա լիճը, որի ափից մինչեւ Ծարասար 29 կմ է, իսկ ահա Վարդենիս քաղաքի կենտրոնից հեռավորությունը 22 կմ է: Սա միանգամայն խոցելի տարածություն է փողային հրետանու համար, էլ չենք խոսում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյոր կայքում։