2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է մի նոր «1915 թ.»-ի մեջ

43

Պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է մի նոր «1915 թ.»-ի մեջ.

• Թշնամին հետևողականորեն շարունակում է մեր դեմ սանձազերծված պատերազմը՝ պարբերաբար դիմելով խոշոր ու մանր հարձակումների ու բացարձակապես չթաքցնելով Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու իր զավթողական ու ցեղասպանական նպատակները.

• Հայաստանի պաշտպանական ու անվտանգության համակարգը, մեղմ ասած, անկազմակերպ վիճակում է։ Երկիրն ապրում է ոչ թե պատերազմական պայմաններին համապատասխան, այլ՝ կեղծ խաղաղության պատրանքներում։ Ո՛չ իշխանությունը, ո՛չ պաշտոնական ընդդիմությունը Հայաստանի ու հայության դիմադրական ներքին ռեսուրսները կյանքի կոչելու փորձեր չեն անում։

• Ադրբեջանին ու Թուրքիային ամեն կերպ սիրաշահելով՝ Արևմուտքը և Ռուսաստանը, փաստորեն, ձեռքերը լվացել են ու Հայաստանը գցել այդ ֆաշիստական կոնֆեդերացիայի երախը։ Հայաստանից նորանոր կործանարար զիջումներ պահանջելով՝ նրանք առայժմ երկուստեք խրախուսում են Բաքվի ու Անկարայի հայասպաններին։

• 2020 թվականից ի վեր զավթվել ու հայաթափվել են տասնյակ հայկական գյուղեր ու քաղաքներ։ Նույն ճակատագիրը սպառնում է ամբողջ Հայաստանին, ներառյալ Արցախին ու քաղաքամայր Երևանին։

Արդեն երեք տարի է, ինչ ապրում ենք Նիկոլի հռչակած «խաղաղության դարաշրջանում», որը, պարզվեց, ոչ այլ ինչ է, քան պատերազմ, պարտություն, կապիտուլյացիա և սողացող ցեղասպանություն։

Հայաստանն անհեթեթ կյանքով է ապրում։ Իր դեմ մղվող ցեղասպանական պատերազմի ժամանակ անհեթեթություն է ավանդական քաղաքականությունը (այդ թվում՝ ընտրությունները, խորհրդարանական պայքարն իշխանության և ընդդիմության միջև, տաղտկալի հարց ու պատասխանները, անբովանդակալից ցույց-մույցերը)։ Անհեթեթություն է ժողովրդին չզինելն ու չկազմակերպելը։ Անհեթեթություն է ապաստարանների մասին չհոգալը։ Անհեթեթություն է մոբիլիզացիայից ու դիմադրությունից վախեցող պետական իշխանությունը։ Անհեթեթություն-ժամանակավրիպություն (անախրոնիզմ) են նաև քաղաքական կուսակցություններն ու նրանց փուչ, անարդյունք գործունեությունը։

Առայժմ կենտրոնանալ է պետք հայոց վերապրելու վրա։ Իսկ մյուս հարցերը՝ երկրորդական են։ Հետևաբար, այսօր Հայաստանում (ներառյալ Արցախում) իրական քաղաքական օրակարգ կարող է համարվել միայն համաժողովրդական-համապետական ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ։