2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ) ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան թշնամու կողմից արձակված կրակոցից։ Գրում է Tert.am-ը:
Նշված ժամանակահատվածում ՀՀ և Արցախի զինված ուժերում եղել է 26 զոհ։ Հակառակորդի կրակոցից զոհվել է 12 զինծառայող կամ ընդհանուր զոհերի 46%-ը։
Մյուս 14 զինծառայողները (ընդհանուր զոհերի 54%-ը) մահացել են տարբեր պատճառներով։ Ըստ հարուցված քրեական գործերի՝ 4 զինծառայողի հասցրել են ինքնասպանության, 4 զինծառայող մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, 3 զինծառայող մահացել է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով, 2 զինծառայող մահացել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով, մեկ զինծառայող մահացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով:
ՀՀ զինված ուժերում 2017թ. զինծառայողների մահվան 7 դեպքերից միայն մեկի պարագայում է զինծառայողը զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մյուս վեցի դեպքում պատճառներն այլ են. մեկ զինծառայող ինքնասպան է եղել, մեկը մահացել է ավտոպատահարից (ՊՆ-ին պատկանող բուլդոզերը ձորն էր գլորվել), մեկ զինծառայող մահացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մեկը սպանվել է ծառայակցի կողմից, մեկ զինծառայող մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումից, հանգամանքները դեռ հայտնի չեն, մեկն էլ, ըստ նախնական տվյալների, ինքնասպան է եղել։
2017թ-ին զոհված 26 զինծառայողներից 16–ը ժամկետային զինծառայողներ են, մնացած 10-ը՝ պայմանագրայիններ։