2015-ը պատասխանատու տարի է: Թերևս ընդամենը 3 օր է անցել այս տարվանից, բայց խնդիրների մի մեծ պարկն արդեն մեր ուսերին է: Երեկվանից Եվրասիական տնտեսական միության լծի տակ մտանք, սահմանին արդեն 2 զոհ ունենք: Հենց այսպես էլ շարժվում ենք առաջ:
Նոր տնտեսական ուղի, նոր մաքսադրույքներ, երրորդ երկրների հետ նոր աշխատաոճ, ռուսաֆիկացում, պատժամիջոցների փաթեթ և վերջապես կառույց, որը դեռ չստեղծված կործանման ճանապարհին է: Ահա 2015-ին սպասվող «տնտեսական հաջողությունները»: Իշխանականները ԵՏՄ-ից մեծ «հույսեր» ունեն՝ իբրև թե նոր աշխատատեղեր են բացվելու, գործարարների համար հեշտանալու է ԵՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը և նման բազում հեքիաթներ: Ցավոք, ԵՏՄ-ն Հայաստանի համար վատագույն շրջանը կապահովի և ակնկալիքներ սպասել այս կառույցից, անիմաստ է: Անիմաստ է հույսեր փայփայել նախ այն պատճառով, որ այս կառույցը ռուսական իմպերիալիստական նկրտումների համար ստեղծվեց, բայց զարգանալու շանսեր չունի, քանզի Արևմուտքի պլանները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար այդքան էլ բարիդրացիական չեն: Երկրորդ՝ Վրաստանի հետ արդեն իսկ խնդիրներ ունենք՝ մտնելով ԵՏՄ, քանզի հենց Վրաստանն է այժմ մեզ Եվրասիական շուկային կապող միակ ուղին, իսկ մեր հարևան երկիրն արդեն Եվրոասոցացման գործընթացների մեջ է: Բացի այդ Ռուսաստանի համար ծանր ժամանակներ են՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան ծանր պատժամիջոցներ են կիրառում այս երկրի նկատմամբ, ինչի արդյուքնում 2014-ին Ռուսաստանը հսկայական տնտեսական անկում ունեցավ, ներդրումային արտահոսք, նավթի գների անկում, Ուկրաինայի արևմտականացում և այլն: Եթե անցյալ տարի մեզ վրա քիչ էր ազդում ռուսական շուկայի անկումը, ապա այսուհետ այն ուղիղ համեմատականով կազդի Հայաստանի վրա: Այլևս Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցներից չենք կարող խուսափել, այլ մեր այս փոքրիկ երկրով մեկ կկորչենք այդ պատիժների հորձանուտում: Իսկ այդ պատժամիջոցները միայն տնտեսական բնույթի չեն: Այսինքն՝ Սարգսյանի թեթև ձեռքով, այրդեն բլոկադայի մեջ ենք: Ղազախստանն ու Բելառուսը, ունենալով մեծ տնտեսական պոտենցիալ, քիչ թե շատ կարողանում են կանխել Պուտինի հավակնությունները, բայց ահա ՀՀ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ովքեր ՌԴ նախագահի դրածոներն են, հեզորեն ենթարկվում են վերջինիս բոլոր կամակորություններին՝ զիջելով անգամ Արցախը: Փաստ է՝ Արցախը դուրս մնաց կառույցից՝ այսինքն Սերժ Սարգսյանը, հայաստանյան ողջ քաղաքական ուժերի հետ միասին՝ անտեր թողեց Արցախը՝ սեփական «գահը» պահելու համար: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պարզորեն ասաց, որ Հայաստանը համաձայնվել է իրենց պայմաններին. Այսինքն՝ առանց Արցախի ԵՏՄ մտնելուն: Թերևս Բելառուսի և Ղազախստանի ադրբեջանամետ դիրքորոշումը բոլորիս է հայտնի: Ի՞նչ է նշանակում այս պարագայում մեր քաղաքական էլիտայի կողմից Արցախի մեկուսացումը, թողնում ենք ընթերցողի դատին:
Աշխարհաքաղաքական այս ծանր պայմաններում՝ ընտրելով ռուսական ուղին, մեկուսացնելով Արցախը՝ մենք գլխաբաց գնում ենք դեպի անդունդ, որը մեզ կուլ կտա ագահորեն, իսկ Արցախին անհայտ է, թե ինչ կպատահի: Իսկ թշնամին ամեն օր հիշեցնում է իր մասին: Մենք բաց թողեցինք իրավամբ անկախ լինելու, զարգանալու ռեալ շանսը:
Ի՞նչ անել և ինչպե՞ս ազատվել այս խայտառակ իրավիճակից: Հենց այս հարցերն են այսօր ամենաարդիականը: Հարկավոր է սոցիալական բեռից փորձել մի փոքր կտրվել և ոտքի կանգնել՝ պայքարելով մեր տնտեսական բլոկադայի դեմ հանուն մեր երկրի զարգացման: Շատ ժամանակ չունենք, հարկավոր է արագ գործել, քանի չենք անհետացել պատմության թատերաբեմից: Իսկ պատմությունը դաժան է, և երբ չես քաղում նրա դասերը, ապա իսպառ կորչում ես: