Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր սենսացիոն հայտարարություն արեց՝ պնդելով, որ 2005 թվականից հետո Սեւանա լճից որեւէ ձուկ բռնելու համար օրինական թույլտվություն չի տրվել. այսինքն՝ մինչեւ հիմա Սեւանա լճից բռնված ամբողջ սիգը եղել է անօրինական:
«Մենք կառավարության որոշումով արդեն իսկ նախաձեռնել ենք այս տարվա արդյունագործական որսը: Թույլատրել ենք 200 տոննա: Արդեն շուրջ 150 դիմում ունենք ամբողջ Սեւանի ափից: Այսօր արդեն պայմանագրերը կկնքվեն, քանակները կհաստատվեն, որից հետո խիստ սահմանափակում կմտնի անօրինական ձկնագողության համար: Թույլատրվել է միայն սիգ տեսակի ձկնատեսակի որսը:
Պաշարները շատ բավարար են, մասնագետների պնդմամբ, 200 տոննան շատ փոքր թիվ է, թույլտվությունը մինչեւ հոկտեմբերի 1-ն է, որից հետո կարող է էլի նոր թույլտվություններ տրվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ գործելու է 17 կետ, որտեղից ձկնորսները գնալու են որսի, վերադառնալուց հետո կշռելու են իրենց որսածը, եւ դա ֆիքսվելու է:











