200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը ՌԴ-ն տրամադրել է

17

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- հավելել է Դավիթ Տոնոյանը:

2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև Փանիկի միջադեպին՝ պնդելով, որ դեպքի մեղավորները երկու կողմն են: Տոնոյանը նաև խոսեց ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայման հնարավորության մասին:

«Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- նշեց նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը: