2 գնդապետ ու 1 գեներալ է ձերբակալվել. Քննչական կոմիտեն հաստատում է

11

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում 2 գնդապետ և 1 գեներալ է ձերբակալվել: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ձերբակալվածներն են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով:

Մասնավորապես, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ,  որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը՝  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):

Ըստ այդմ՝ նախաքննության ընթացքում Դավիթ Աբրահամյանն ընդունել է մեղադրանքը, ցուցմունք է տվել, վերականգնել է պատճառված վնասը: Քննիչը որոշում է կայացրել նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Դավիթ Աբրահամյանը ձերբակալվել էր մայիսի 11-ին՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: