1960-ականներին Գորիս-Կապան ճանապարհը կառուցվել է Հայաստանի տարածքում Ադրբեջանի ձգտումների դեմն առնելու համար․ Հենրիկ Քոչինյան

513
Գորիս–Կապան ավտոճանապարհի` ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող հատվածը Ադրբեջանին չի պատկանում։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով այդ ճանապարհահատվածի պատմությունը, հայտարարեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։
«Երբ 1960-ականների սկզբին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնել կառուցել Գորիս–Կապան ավտոճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն ՀՀ սահմանի տեղը։ Հստակ գիտեին, քանի որ ոչ գիտակից մարդ չէր կարող լինել Մինիստրների կազմում։ Գիտեին`ինչի համար են կառուցում և ինչու հենց այդ տարածքում։ Ադրբեջանը փորձում էր Արաքսի ձախափնյա ողջ տարածքով ավտոճանապարհ անցկացնել, և, Գորիս–Կապանը կառուցելով, փաստորեն Ադրբեջանի ձգտումների դիմացն առան»,–ասաց Քոչինյանը:
Նրա խոսքով` հիմա հայտարարվում է, որ Գորիս–Կապանի`22 կմ հատվածն Ադրբեջանի տարածքով է անցնում, սակայն այստեղ հարց է առաջանում` երբ Ադրբեջանի «տարածք էինք գրավում» Գորիս–Կապանը կառուցելով` Ադրբեջանի իշխանությունները չէի՞ն տեսնում դա։
Քոչինյանը նկատեց` Ադրբեջանի համար այդ տարածքը տնտեսական որևէ նշանակություն ունենալ չէր կարող, քանի որ այդ տարածքում նրանք ոչ գյուղ, ոչ էլ արդյունաբերություն ունեին` ոչինչ էլ չունեին։
Նա հավելեց` այդ ճանապարհները կառուցվել են անտառների մեջ` անտառահատումների միջոցով։ Ինչ է`Ադրբեջանը համաձա՞յն էր, որ «իրենց տարածքում» հատում կատարվի։

«Երբ մենք զիջում ենք 22 կիլոմետր, դա նշանակում է, որ դրանից դեպի Հայաստան ընկած հատվածում մենք հետագայում անելիք չունենք»,–ասաց Քոչինյանը՝ հավելելով, որ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան։