Քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ Պատվո Դոկտոր Ռուբեն Գալչյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին։
«Այս օրերին հրատապ հարց է քննարկվում Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, որոնք ըստ ներկա վիճակի այն սահմաններն են, որոնք գծվել են Խորհրդային միության օրոք, և 1929 թ. ու 1969 թ. պաշտոնապես վավերացվել Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների կողմից:
Սակայն պետք է նշել, որ նույնիսկ 1921 թ, Ստալինի որոշումից հետո, որով Լեռնային Ղարաբաղը, Քարվաճառը, Քաշաթաղը և Արևելյան Սյունիքը Ադրբեջանին հանձվեցին, Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այսպիսին չէին, որ ներկայում են:
1923-1929 թթ. Մոսկվայի հրամանով և Անդրկովկասյան Դաշնության կարգադրությամբ, առանց հետևելու օրենքին և հարգելու տեղաբնակ գյուղացի բնակիչների մարդկային իրավունքները, նրանց հողամասերից, անտառներից ու արոտավայրերից հարյուրավոր քառ. կիլոմետրեր հանձնվեցին Ադրբեջանին, ուր, իբր պետք է ստեղծվեր Կարմիր Քրդստան գավառը: Չմոռանանք, որ 1930 թ. Կարմիր Քրդստան ստեղծելու գաղափարը չեղարկվեց, սակայն դրան հատկացվելիք հայկական հողային տարածքները` անհայտ պատճառներով, մնացին Ադրբեջանին:
Տարածքներն Ադրբեջանին հանձնող և ապագայում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ ստեղծողները բացահայտ նպատակ են ունեցել Հայաստանի կապը դեպի հարևան երկրներ տեղադրել Ադրբեջանի տարածքով անցնող մայրուղիներով, այսպիսով դրանց հսկողությունը ուղղակի հանձնելով Ադրբեջանին: Հենց այս նպատակով, անկլավները տեղադրված են Հայաստանին Վրաստան և Իրան կապող ճանապարհների վրա, որոնք անցնում են անկլավների միջով, իսկ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը, ինպես նաև Տավուշի շրջանում Իջևանից Ոսկեպար և Նոյեմբերյան-Վրաստան ճանապարհը երկու անգամ հատում են սահմանը և անցնում Ադրբեջանի տարածքով, ապա վերադառնում Հայաստան: Ադրբեջանական այն տարածքները, որոնցով հատում-անցնում են Հայաստանի մայրուղիներն, ընդհանրապես անմարդաբնակ են ու հիմնականում ոչ պիտանի, որը անգամ ևս փաստում է դրանց բուն նպատակը՝ հսկողության տակ ունենալ Հայաստանի մայրուղիները:
Սովետական Մեծ Հանրագիտարանի 1926 թ. Առաջին հատորում հրատարակած Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանր. 1927 թ. մարդահամարին կից քարտեզներում, որոք կցված են նամակիս, Խորհրդային Հայաստանի արևելյան և հյուսիսային սահմանները նույնը չեն, ինչ որ ընդունված են այսօր: Դրանց մեջ Ադրբեջանին ՛՛նվիրված՛՛ հողամասերը, ներառյալ Արծվաշենը, Ալ Լճերը, Շուռնուխի արևելյան շրջանը և Կապանի օդանավակայանի մոտակայքը Հայաստանի տարածքում են գտնվում: 1927 թ. քարտեզի վրա այս տարածքները նշված են կապույտ գույնով: Ուշադրության արժանի է այն, որ այդ օրերին Հայաստանին ու Արցախին բաժանողը միայն Հակարի (Աղավնու) գետն էր: Իսկ անկլավներն ընդհանրապես չկային:
Սակայն այս քարտեզները կարող են համարվել ՛՛ոչ պաշտոնական՛՛, քանի որ երկուստեք վավերացված չեն: Այստեղ առկա է մի կարևորագույն նրբություն: Դեռևս 1922-23 թթ. Խորհրդային միությունը հրատարակել է մանրակրկիտ զինվորական քարտեզներ, որոնք ցուցադրում են ժամանակին ընդունված սահմանները և դրանցից բացակայում են Ադրբեջանին «նվիրված» տարածքները: Սակայն Հայաստանի սահմանների այս քարտեզների օրինակները չեն տրվել Հայաստանի իշխանություն-ներին: Դրանք առկա են միայն Մոսկվայում և Թբիլիսիում: Ըստ ինձ հասած տեղեկությունների, այս քարտեզներից Հայաստանի համար օրինակներ խնդրելը մինչ այժմ չի ընդառաջվել:
Իսկ ինչո՞ւ: Չէ որ դրանք մեր երկրի սահմանների քարտեզներն են:
Առանց ունենալու Հայաստանի Խորհրդային Հանրապետության այս հին քարտեզների օրինակները, Հայաստանի մասնագետներին հնարավոր չէ սահմանների վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելը, ուստի պետք է ամենաբարձր մակարդակով և ամեն ճիգ և միջոց օգտագործել դրանց օրինակները ձեռք բերելու համար»:












