1920թ-ի բոլշևիկյան բարբարոսությունների հետքերով

16

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում բոլշևիզմի սոսկալի հետքերին վերաբերող 2 փաստաթուղթ: Նյութը վերցվել է «Արնոտ Գիրք»-ից՝ հրատարակված  «Հայրենիք» ակումբի կողմից: 1918-21թթ-ին Զանգեզուրում տեղի ունեցող վայրագություններն այդքան շատ չեն լուսաբանվել, հատկապես խորհրդային տարիներին թեման փակ էր, և ահա այս երկու փաստաթուղթը լույս են սփռում իրականության վրա՝ մասնավորապես բոլշևիկների վարած բարբարոս քաղաքականությունը: Այս ամենին հաճախ մասնակից է դարձել նաև թուրք ասկյարը: Հարկավոր է շեշտել, որ հայ գյուղացին Գարեգին Նժդեհի գլխավորությամբ բոլշևիկներին և թուրքերին դուրս է շպրտել Սյունյաց աշխարհից՝ հայ մարդուն ազատելով թշնամու բռնությունից: Ստորև Ձեզ կներկայացնենք Կոռնիձոր և Տեղ գյուղական համայնքի կողմից ստորագրված երկու փաստաթուղթ, որոնք բոլշևիկների եղեռնագործությունների լուռ վկաներն են:

Կոռընձոր գյուղի 1920թ. դեկտեմբերի 7-ի 207 ստորագրությամբ համախոսականի մեջ գրված է.

«1920թ. հուլիսի 5-ին բոլշևիկները հանկարծ շրջապատեցին Կոռընձոր գյուղը և սկսեցին 11 գնդացիրներից կրակել. տղամարդիկ և կանայք ահաբեկված դես ու դեն փախան, ով ընկնում էր բոլշևիկների ձեռքը, առանց որևէ պատճառի, հրացանազարկ էին անում, ապա սկսեցին զինաթափել գյուղացոնց: Ա. Ղարագյոզյանը և Մ. Մաշուրյանը, կաշառվելով Ադրբեջանից, սովետական զորքերին ներս հրավիրեցին Զանգեզուր: Բոլշևիկները սկզբնական շրջանում աշխատում էին համոզել գյուղացիներին, որ իրենք եկել են ազատելու նրանց պարազիտներից և առատ կերպով զանազան բարիքներ էին խոստանում: Այդ բոլոից հետո նրանք սկսեցին ցույց տալ իրենց իսկական պատկերը՝ բռնությունները: Մարդիկ էին ձերբակալում, ուղարկում Գորիսի բանտը և ապա սպանում, առանց որևէ քննության ու մեղադրանքի:

Ապա սկսեցին ալան-թալանի ենթարկել գյուղը. ձի, կով, եզ, ոչխար, ավանակ, այծ, ցորեն, գարի և ուրիշ ուտելեղեն չմնաց, սիստեմատիկ կերպով բոլորը խլեցին գյուղացիներից և տարան չգիտենք՝ թե ուր:

Խուզարկեցին տները և տարան վերմակներ, մահճակալներ, մետաքսյա շորեր և այլն:

Այս ամենը նոքա կատարում էին առանց խտրության՝ բոլոր խավերի նկատմամբ: Տուժում էին ավելի մեծ չափով աղքատ դասակարգը, երբ նրանից խլում էին միակ ավանակը կամ լծկանը:

Պակասը լրացնելու համար հանկարծ բերին և տաճկական ասկյարներին, որոնք իրենց գազանային ինստինքտները գործադրեցին կույս աղջիկների ու գեղեցիկ կանանց նկատմամբ, մի սրբապղծություն, մի արատ, որը չէր կարող տանել հայ ժողովուրդը, և մենք խլացրած մեր ականջները, կուրացրած մեր աչքերը՝ ապրում էինք անտառներում, այգիներում, տեսնել չէինք ուզում այդ բարբարոսությունները, լսել չէինք ցանկանում կանանց ճիչն ու աղաղակը, որոնց ստիպում էին ցույց տալ իրենց ամուսինների տեղը:

Դանակը ոսկորին էր հասել, այլևս մեր ժողովուրդը համբերել չէր կարող և ընդառաջ գնալով ընդհանուրիս ցանկություններին ու հետևելով ապստամբ Ղափանին ու Սիսիանին՝ մենք ևս բարձրացրինք ապստամբի ազատարար դրոշակը և նոյեմբերի 21-ին դուրս քշեցինք բոլշևիկներին և բարբարոս ասկյարներին մեր երկրից՝ երդվելով, որ այսուհետև մենք պատրաստ ենք մեռնելու և թույլ չտալու մի բոլշևիկ անգամ ոտք դնելու մեր երկիը, թալանելու և հափշտակելու մեր ուցվածքը ու պղծելու մեր պապենական օջախն ու սրբությունները:

Ահա թե բոլշևիկները ինչ վնաս են հասցրել այս գյուղին՝ 80 լծան եզ, 42 կով, 75 ավանակ, 230 ոչխար, 12 ձի, 718 փութ հաց, ցորեն և ալյուր, 538 փութ գարի, 545 փութ կորեկ, 156 փութ ձավար, 13 փութ կովի յուղ, 35 փութ պանիր, 28 պոլիմպերիալ, 1975 հատ արծաթե դրամ, 8875 նիկոլյան թղթադրամ, 5.700.000 –ի արծաթյա իրեր (հին գներով), 250 բրդեղեն կտորներ, կանանց արդ ու զարդ, 857.435-ի ոսկի և արծաթ (հին գներով), 947.631 կանաց շորեր, 8560 փութ խոտ:

Վերոնշյալ ցուցակը հաստատում եմ՝ Կոռընձորի հասարակության  կոմիսար և ստորագրություն և կնիք»:

Ներկայացնենք հաջորդ գյուղից ստացված համախոսականը՝ ստորագրված 351 անձանց կողմից 1920թ. դեկտեմբերի 9-ին՝

«Տեղ գյուղի ժողովուրդս, այսօր հավաքվելով պատմական խորհրդի, օրակարգի նյութն էր մեծն  Ռուսաստանի մնացորդ, կաշառված բոլշևիկների հասցրած վնասը, որոնք կարմիր բանակի անվան տակ եկել էին մեզ՝ չքավոր ժողովրդիս, փրկելու, հաց, չիթ, շաքար, թեյ, նավթ և երկրագործական մեքենաներ ու այլ մթերք տալու:

Կարմիր բանակը եկել էր մեզ հավասարացնելու և իբրև հարազատ եղբայրներ և ընկերներ՝ միատեսակ ապրեցնելու: Մեր կայք ու գույքը անձեռնմխելի պետք է լիներ, խոսքի, մամուլի ազատություն էինք սպասում:

Սակայն ի՞նչ զարմանք, ոտք դրին մեր գյուղը թե ոչ՝ սկսեցին հետզհետե թալանել մեզ, բառիս իսկական նշանակությամբ: Կարմիր բանակի համար աղքատի և ունևորի մեջ խտրություն չկա. Ամենաչքավորից անգամ տարան նրա ունեցած վերջին եզը, կովը և կամ ավանակը:

Զորամասերը ապրում էին գյուղի ամենալավ տներում և քանդում տների փայտեղեն մասերը ու վառում, իբրև հիշատակ թողնելով քարե չոր պատերը:

Առանց որևէ պատճառի ձերբակալում էին յուղի երիտասարդներին, բանտ ձգում և ապա Շուշի տանում ու ճանապարհին կոտորում:

Իսկ երբ տաճիկ ասկյարներին առաջ քաշեցին և մեզ մեր պատմական թշնամու ձեռքով կամեցան հոգեպես և բարոյապես սպանել, այն ժամանակ միայն մենք զգացինք, որ եկած զորքերը ոչ թե կարմիր եղբայրներ են մեզ համար՝ արքայություն բերող, այլ սև չարագործներ, որոնք եկել են մեզ թալանելու, քայքայելու և ֆիզիկապես սպանելու:

Անկարող լինելով տանել բոլոր զրկանքները, կեղեքումները և բռնությունները՝ որոշեցինք մեր կյանքի գնով և ապստամբությամբ ձեռք բերել մեր ազատությունը և իբրև մի մարդ, մի հոգի, մենք ազատ մահը ստրուկ կյանքից բարձր համարելով՝ դուրս վռնդեցինք այդ գառնազգեստ գայլեին մեր երկրի սահմաններից դուրս:

Եվ վայ նոցա, եթե երբևիցե կրկին փորձ կանեն մտնել մեր ազատ երկիրը, մենք մանուկից սկսած մինչև 100 տարեկան ծերունիները պատրաստ ենք հրացանով, բահով, քլունգով և փայտերով անգամ դիմադրելու սևսիրտ, սևգործ, սևհոգի ունեցող այդ կարմիր բանակ կոչվածներին և մինչև մեր արյան վերջին կաթիլը պաշտպանելու «Ազատ Զանգեզուրը»:

Բոլշևիկների տիրապետության ժամանակ Տեղ գյուղը հետևյալ վնասներն է կրել 1920թ-ի դեկտեմբերի 8-ի դրությամբ՝ 75 ձի, 237 ավանակ, 13 ջորի, 312 լծկան եզ, 115 կով, 784 ոչխար, 183 այծ, 125 խոզ, 2765 հավ, 83 փութ յուղ, 220 փութ պանիր, 45 փութ ձեթ, 9 փութ մեղր, 217 փութ բաքմազ, 13 փութ նավթ, 150 փութ չորացրած թութ, 1355 փութ կարտոֆիլ, 2460 փութ ցորեն ու ալյուր, 1322փ. գարի, 1250 փ. հաճար, 3465 փ. կորեկ, 675 փ. ձավար, 180 փ. ոսպ, 1255 փ. հաց, 2500 հատ ցորենի խուրձեր ձիաներին, 15000 փ խոտ, 93 հ գորգ, 215 հ կարպետ, 13 հ ոսկի ժամացույց, 63 հատ արծաթե ժամացույց և այլն:

Խլած են ոսկյա և արծաթյա ժամացույցներ, մատանիներ, կանանց գլխի փողեր, գոտիներ, նիկալյան թղթադրամներ, Կովկասյան բոներ, տավարի կաշիներ, քահանայի շուրջառացու, կտոր, դանակ, պատռաքաղ, կարի մեքենաներ և այլն և այլն:

Վառել են 7 սենյակներից բաղկացած գյուղի երկդասյան դպրոցը, 80 նստարաններ, 1500 ընտիր գրքեր, աթոռներ, սեղաններ և այլն:

Քանդած և ավերված են գյուղի ժողովրդական տունը, նախկին փոստի շենքը և 15-20 տուն, ուր զորք էր ապրում՝ կատարյալ փլատակների է վերածված»: