1 մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով անցել ենք Իրանից և Ֆրանսիայից՝ հավասարվելով Ռուսաստանին. Փաշինյան

11
Մենք մեկ մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Այս համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, քանի տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի, նաեւ մահվան դեպքերի աճի:
 
Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է եւ մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր արդեն Երեւանի բակերում ՀՀ կառավարության անունից ԱԻՆ-ի ավոտմեքենաների միջոցով փոխանցվել է հետեւյալ ուղերձը.

«Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր»,- հավելեց նա: