Օլանդը ապրիլի 24-ին կայցելի Հայաստան

8

«Ես ապրիլի 24-ին կգնամ Երևան՝ Ֆրանսիայի ժողովրդի անունից»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընթրիքին ներկա է եղել  450 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, դերասաններ և մամուլի ներկայացուցիչներ:

Ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը, ինչից հետո կարճ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այնուհետեւ Ալեքսիս Գովջիյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի արիության մեդալ է շնորհել  աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին:

Օլանդը կոչ է արել Թուրքիային շարունակել Հայոց ցեղասպանության հարցում իր ջանքերը՝ նշելով. «Եկել է տաբուները կոտրելու ժամանակը: Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես վստահ եմ, որ ցեղասպանության 100-ամյակի այս տարում մենք կտեսնենք նոր ժեստեր, նոր քայլեր ճանաչման ուղղությամբ»: