ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը շատ սպասեցնել տվեց, բայց ի վերջո, բոլորս լուսավորվեցինք վերջինիս վերլուծությունով՝ կապված Մաքսային Միության լավ ու վատ կողմերի հետ:
Քոչարյանը դեռևս նախորդ տարվա վերջին էր խոստացել, որ անդրադառնալու էր այս թեմային՝ բոլորիս վստահեցնելով, որ իր գնահատականները դեռ կլսենք: Եվ ահա Քոչարյանը բավական երկարաշունչ ներկայացնում է ԽՍՀՄ փլուզման հետևանքները, Ռուսաստանի ու Հայաստանի տարբերությունները, տնտեսական վայրիվերումները: Հայաստանի տնտեսական շրջափակման հետ կապված արդարացումներ նեկայացնում, բայց ասենք չի նշում, որ հայաստանյան ողջ տնտեսությունը հենց այդ նույն տարիներին քայքայվեց ոչ միայն ԽՍՀՄ փլուզման հետևանքով, տեղական իշխանությունների թեթև ձեռքով ավելի մեծ վնասներ կրեցինք: Քոչարյանը նաև նշում է ՀՀ-ի և Ռուսաստանի միջև նախկինում գործող մաքսային տուրքերի տարբերությունների մասին, որոնք այն ժամանակ արդարացված էին, իսկ հիմա քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, ապա Քոչարյանի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները: Իրոք, այս հարցը կարծես բոլորիս է հուզում, և Քոչարյանը կարծես շատ զգուշավոր է այս հարցում, նույնիսկ զարմանում է իշխանության լավատեսության վրա, զգուշացնում է, որ շտապողականությունը հակացուցված է: Կարծես հուշում է Սերժ Սարգսյանին, որ չշտապի՝ չբերելով որևէ ստույգ փաստարկ՝ միևնույն ժամանակ չընդդիմանալով ՄՄ-ին միանալու քայլերին: Նալին ու մեխին խփելով՝ Քոչարյանը փորձում է իր իմիջն է ուզում վերկանգնել՝ ցույց տալով, որ Մաքսային Միությունը լավ է, բայց երկար մտածելն էլ չէր խանգարի: Հետո Քոչարյանը փոխում է վատ տրամադրվածությունն ու զգուշավորությունը՝ անցնելով մաքսատուրքերի բարձրացման մեխանիզմներին: Բայց միևնույն է, Քոչարյանը անընդունելի է համարում Հայաստանի ասոցացումը ԵՄ-ի հետ ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ: Եվ Քոչարյանը կիսաուրախ և կիսատխուր արձանագրում է, որ ունենք այն, ինչ ունենք՝ ցանկանալով, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Այն, որ ՄՄ-ին անդամակցությունը չափազանց քաղաքականացված է, խոսք չկա, և չի էլ կարող լինել, քանզի այս միությունը տնտեսական քողի տակ իրականում Ռուսաստանի քաղաքական ամբիցիաներն է արտահայտում: Իսկ թե Մաքսային Միությանը միանալով ի՞նչ տնտեսական երկարաժամկետ շահեր ենք ունենալու՝ հավանաբար այդպես էլ չենք հասցնի տեսնել, քանզի շահերի բախումն այս պարագայում անընդհատ հօգուտ Ռուսաստանի են:
Իսկ թե ինչու Քոչարյանը կրկին իր մասին հիշեցրեց հենց այս օրերին, թերևս ինչ-որ ենթատեքս ունի:
Այնպես որ, նալի ու մեխի քաղաքականության կարկառուն ներկայացուցիչ Քոչարյանը երկար մտածեց, բայց այդպես էլ ոչինչ չասաց, պարզապես փորձեց հաճոյանալ Ռուսաստանին՝ չնեղացնելով Եվրոպային:











