Քոլեջների և ուսումնարանների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվելու

11

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան լայվի ընթացքում անդրադարձել է ավարտական քննություններին.

«Քոլեջների եւ ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն եւ քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը կատարվելու է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։ Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուստարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվելու է եւ դիպլոմները տրվելու են մինչեւ հունիսի 5-ը»:

Նախարարն անդրադարձավ դպրոցներում փոխադրական քննություններին. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4–րդ եւ 9–րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչեւ մարտի 13–ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում ե հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաեւ ավագ դպրոցի 10–րդ եւ 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով»։