Մենք ունենք տնտեսական, սոցիալական եւ առողջապահական խնդիրների միջեւ ճիշտ բալանս պահելու անհրաժեշտություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ ապրիլին Հայաստանում 71 հազար աշխատատեղ փակվել էր, եւ եթե այդ ռեժիմը շարունակվեր, Հայաստանն իսկապես կարող էր սոցիալական կոլապսի առջեւ կանգնել: Հետեւաբար պետք է մաքսիմալն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություններ ձեռք բերելու համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոններին, վարչապետն ասաց. «ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ եւ չգիտենք՝ երբ կունենանք: Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը: Այո, այսօր մենք չենք կարողանում կանոնների կատարման որակ ապահովել: Այսօր մեր մեծագույն պրոբլեմը բակային տարածքներն են, թաղումներն նե, հոգեհանգտյան արարողություններն են: Մենք երբեք չենք բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի»,-ասաց Փաշինյանը:











