Փորձում են ՊՆ-ին անորակ քաղաքական խաղերի մեջ ներգրավել. ՊՆ փոխնախարարը զենքի ապօրինի վաճառքի մասին

12
ԶՈՒ սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք են բերվում համաձայն ԶՈՒ զարգացման պլանի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին՝ նախորդ կառավարությունների ժամանակ ՊՆ-ն մաս կազմե՞լ է օրինակ, անպետք զենքի ձեռք բերմանը։

Բալայանի խոսքով՝ դա խորը պլանավորվող գործընթաց է և չի կարող անթերի լինել:

Անդրադառնալով փաստին, որ Դավիթ Տոնոյանը նախորդ կառավարության ժամանակ էլ է ՊՆ-ում եղել, Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, և իր պաշտոնավարման ընթացքում որևիցե անօրինական գործողության մասնակից չի եղել:

«Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն, եթե եղել են խախտումներ, հիմա ես հավատում եմ, որ այն քրեական գործերի արդյունքում, որ քննվում են, պետք է պարզվի՝ արդյո՞ք այն ձեռքբերումները, որոնք ենթադրյալ հանցագործության կատարման արդյունքում են եղել, պետությանը, ԶՈՒ-ին ինչ վնաս են հասցրել: Կան կալանավորվածներ, քննությունը գնում է, այդ հարցին ավելի հստակ կարող են պատասխանել նախաքննություն իրականացնող մարմինները»,-ասաց նա՝ նշելով, թե կան բազմաթիվ քրեական գործեր:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է զենքի անօրինական վաճառքի մասին, Բալայանն արձագանքեց. «Ես շատ ցավում եմ, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա, փորձում են ՊՆ-ին անորակ քաղաքական խաղերի մեջ ներգրավել, անփառունակ պաշտոնատար անձը փորձում է օգտագործելով այդ տիտղոսը՝ որոշակի հայտարություններ անել: Պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ 2018թ.-ից ի վեր, երբ ներկայիս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձևավորվել է, որևիցե երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում՝ ի դեմս, Պաշտպանության նախարարության, որևիցե նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»։

Փոխնախարարը ընդգծեց նաև, թե գոյություն ունի լիցենզավորման մասին օրենք, որը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, տարանցիկ փոխադրման հետ կապված իրավահարաբերություններ. «Այդ իրավակարգավորումները կարդալուց հետո ակնհայտ կդառնա, որ նման հայտարարություններ անելը կամ նման գործարքների գնալը ոչ միայն անիրական է, անհիմն է, անբովանդակ խոսակցությունների շարան է, այլև քաղաքական շահարկումների հերթական շարան»,-հայտարարեց նա: