Տիգրան Սարգսյա՞նն էլ է մարդ…

6

Վարչապետ Տիգրան Սարգսյանի Մատենդարանի ասուլիսը բացառիկ էր հայաստանյան քաղաքական դաշտում իր երկարաշնչության աստիճանով, սակայն բովանդակությամբ, բնավ, չփայլեց: Ասուլիսի ընթացքում վարչապետը պատասխանեց բոլոր բնագավառներին առնչվող հարցերին՝ մասնավորապես ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին, տնտեսական աճին, օֆշորին, արտագաղթին, մոնոպոլիզացիաներիմասին հարցին ու Գազպրոմին վերաբերող հարցին և այլն: Տիգրան Սարգսյանը, խոսելով ՀՀ-ի անդամակցության մասին Մաքսային Միությանը և իր տեսակետների 180 աստիճան փոփոխման մասին, մասնավորապես նշել է, որ ինքը նույնպես մարդ է, կարող է սխալվել, բայց ինչ վերաբերում է ՄՄ-ին անդամակցելու գնահատականներին, ապա «երեք տարի առաջ մեր ընդհանուր ընկալումը կայանում էր նրանում, որ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին նպատակահարմար չէ, այդ հարցում ունեինք կոնսենսուս, դա որևէ մեկը կասկածի տակ չէր դնում: Մեր բոլորի մոտ կար այդ ընդհանուր ընկալումը, մեր բոլորի ընկալումը կայանում էր նրանում, որ միասնական տարածքի բացակայությունը խոչընդոտ է, նպատակահար չէ, և այն առավելությունը, որ պետք է ստանանք, չենք ստանա: Մեր հիմնական գործընկերոջ հետ տնտեսական հարաբերություններում հանդիպում էինք լուրջ խոչընդոտների, ՌԴ-ն ՄՄ-ում ստիպված էր կիրառել նույն խաղի կանոնները ՄՄ-ի հետ միասին»: Բայց ամեն ինչ փոխվել է՝ ըստ վարչապետի:

Վարչապետը պատասխանեց նաև օֆշորին վերաբերող հարցին, որ մի կին է իր անունով ձեռնարկություն գրանցել օֆշորում, ով Վարդան Օսկանյանի բարեկամուհին է: Տիգրան Սարգսյանն, իհարկե, հարցի ուղղությունը դիվանագիտորեն փոխեց՝ լսելով Օսկանյանի անունը, և նախ հայտարարեց, որ ինքն էլ կուզի, որ ամեն ինչ բացահայտվի, իսկ հետո ասաց, որ կսպասի Օսկանյանի բացատրություններին՝ փակելով օֆշորի հարցը, որը ողջ տարի թեժ քննարկման առիթ տվեց:

«Գազպրոմի» հետ 30 տարով պայմանագրին անդրադառնալիս Սարգսյանը ընդհանրապես նորմալ գնահատական տվեց դրան՝ նույնիսկ զարմացավ, որ լրագրողները 30 տարվա արտոնությունների վրա զարմանում են, չէ՞ որ . «առնվազն 30 տարվա կտրվածքով մարդիկ ուզում են պատկերացնել, թե իրենց ներդրումները, եթե կատարեցին այս կարգավորվող դաշտում, իրենց երաշխավորված եկամուտներն ունենալո՞ւ են, թե ոչ, սա շատ տրամաբանական է»: Իսկ մարդիկ մտածում են, թե 30 տարին լավ չէ, ստրկացնում է ՀՀ-ին, մենք այդպիսով կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, բայց պարզվում է՝ հայ ժողովուրդը ոչինչ չի հասկանում և վարչապետի խոսքով կսկսի միայն դրականորեն վերաբերվել 30 տարով ՀՀ-ն վաճառելու գաղափարի հետ:

Խոսելով միասնական արժույթի մասին՝ վարչապետը մեծ ցավ հայտնեց, որ ռուբլին ազատ գործարկվող արժույթ չէ և միասնական արժույթային գոտի անցնելու համար շատ աշխատանքներ են հարկավոր տանել, բայց ավելի լավ է հիմա միասնական տնտեսական գոտին կարգավորեն:

Արտագաղթի հարցը, իհարկե, չէր կարող բացակայել վարչապետի ասուլիսի շրջանակներից, քանզի վարչապետն է արտագաղթի ամենամեծ գիտակը, ով զարմացավ, որ Հայաստանը դատարկվում է, բայց շարունակեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ ժողովրդին պահեն Հայաստանում: Բայց դե մենք տեսնում ենք չէ, ինչ են անում:

Մի խոսքով, այսպես շարունակվեց մի քանի ժամ, վարչապետը պարզապես փորձեց ասուլիսային ռեկորդ սահմանել, ոչինչ ավելին, ոչ մի հստակ պատասխան, ոչ մի նորություն, ուղղակի նախկին խոսքերի ու իր ընկերների ասածների հաստատում: