Տիգրանակերտում «հայերի գանձերը որոնողները» ոստիկաններ են եղել

14

 

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Տիգրանակերտի նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից չորսը Տիգրանակերտի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Գրում է Hurriyet-ը:

Նշվում է, որ տարածքում սկսված կասկածելի «պեղումները» նկատած բնակիչներն ահազանգել են Սիլվանի ոստիկանություն, ինչ մասին տեղեկացած նույն բաժանմունքի քննիչ Սերքան Ջ.-ն իրենց գործողություններին պաշտոնական բնույթ հաղորդելու և կասկածները ցրելու համար ոստիկանական զրահամեքենա է բերել տվել դեպքի վայր:

Նշվում է, որ այս ամենի մասին նախօրոք տեղեկացված Դիարբեքիրի նահանգային ոստիկանությունը նախօրոք հետևել է չարամիտների գործողություններին և կազմակերպած շուրջկալի արդյունքում ձերբակալել է խմբին, այդ թվում՝ Սիլվանի ոստիկանապետին:

Խմբի անդամները սկզբում պնդել են, թե փնտրում են Սուր շրջանում 2015-2016թթ. տեղի ունեցած բախումներից հետո այդտեղից դուրս եկած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների թաքցրած ոսկիներն ու փողերը:

Սակայն պարզվել է, որ ոստիկանության կողմից նման օպերացիա կազմակերպելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել և իրականում խումբը փոսերը փորել է՝ նպատակ ունենալով գտնել Ցեղասպանության ընթացքում Սիլվանից աքսորված ու կոտորված հայերի թաքցրած ոսկիները:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով: