Այսօրվա եռյակի հանրահավաքը ևս ավարտվեց: Իշխանափոխությո՞ւն էիք սպասում, չեղա՛վ: Սպասում էիք, որ կհայտարարեն ինչո՞ւ Եվրասիական տնտեսական միություն մտանք, չասացի՛ն: Սպասո՞ւմ էիք, որ ասեն նստեք օպերայի բակում ու չհեռանաք մինչև Սերժն ու իր թիմը չհեռանա, դա էլ չասացին: Սպասո՞ւմ էիք, որ պետք է հայտարարեին իշխանափոխության ծրագրի մասին, ծրագիր էլ չկար: Եվ ի՞նչ:
Մեկ ամիս շարունակ այս թիմը շրջեց Հայաստանի մի շարք քաղաքներով, բոլորին ասաց, որ հոկտեմբերի 10-ին ամեն ինչ փոխվելու է, մարդկանց ստիպեցին հեռավոր բնակավայրերից գալ հանրահավաքի գոնե ծրագրային ելույթ լսելու, բայց այդպես էլ ոչ մի ծրագրային ելույթ, ոչ մի նշույլ իշխանափոխության իրականացման համար:
Շատ հետաքրքիր էր նաև եռյակին իր լիդերներով ընդհանուր ֆոնի վրա դիտելը: Երևում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը ընդհանուր հայտարարի եկած էին ժամանել հանրահավաքի վայրը, բայց ահա Րաֆֆի Հովհաննիսյանը ավելորդ էր:
Երբ բեմահարթակ բարձրացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախ նրան այդքան էլ ջերմ չընդունեցին, ինչպես որ վերջինս հավանաբար ակնալում էր, հետո Րաֆֆին մի շարք շնորհավորանքներից հետո կրկին հիշեց իր նախորդ ընտրությունները, որից հետո ժողովրդին առիթ ունեցավ միայակ թողնելու, հետո որոշեց իր հետ բեմ հրավիրել Գագիկ Ծառուկյանին, ով հրաժարվեց իր հետ միաժամանակ նույն ամբիոնի մոտ կանգնելուց, այնուհետև լիդերների հետ խորհրդակցելու համար խնդրեց երկու րոպե, բայց վերջիններս հրաժավեցին Րաֆֆի հետ բանակցել և Ժառանգության առաջնորդը առանց հրաժեշտի լքեց ամբիոնը:
Ամբիոնին մոտեցավ Ծառուկյանը: Նրան բարձր սուլոցներով դիմավորեցին, քանի ակնհայտ էր, որ հրապարակում հավաքվել էին մեծամասամբ Ծառուկյանի կողմնակիցները, բայց սպասված ելույթ նա այդպես էլ չունեցավ, քանզի ասելու բան չկար: Ծառուկյանի նպատակը Ազատության հրապարակը լցնել էր, ինչը նրան հաջողվեց: Բայց Ծառուկյանը ոչ ծրագիր ուներ, ոչ էլ հավաքվածներին որևէ ասելիք, ոչ հռետորական ձիրք կամ կրթական ցենզ, որ կարողանար հավաքված ժողովրդին գրագետ մոտեցումներ ցուցաբերել: Նա պարզապես ողջունեց և գնաց:
Եվ ահա եկավ եռյակի ամենափորձառուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանին էր հանձնված հանրահավաքի «ողնաշարի» ձևավորման խնդիրը: Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ երկար-բարակ կարդաց իր գրած ամբողջ տեքստը, տեքստ եմ ասում, քանի որ այնտեղ չկար գրված մի բառ, որը վերաբերվում էր հայ ժողովրդին, այնտեղ բառակույտ էր և կրկնությունների շղթա: Որտեղ նորից խոսեց հայտնի 12 կետերի մասին՝ նշելով, որ իրենք գիտեին՝ իշխանությունն իրենց պահանջը չէր կատարելու, այդ դեպքում ինչու էին ներկայացրել, մեծ հարց է: Առաջին նախագահն ասաց, որ գիտի արտագաղթի իրական չափերն ու թե Հայաստանում այսօր որքան մարդ է բնակվում, բայց չի ասի, թե ինչո՞ւ՝ սա ևս անհայտ է: Տեր-Պետրոյանը խոսեց միայն Սերժի ու եղբոր հեռացման մասին, բայց Սերժի շրջապատին չանդրադարձավ: Եվ այս ողջ ելույթի ընթացքում հատկանշական էր Տեր-Պետրոսյանի հրամայողական վերաբերմունքը հրապարակում հավաքված ժողովրդին: Հանրահավաքի մասնակիցներից ոմանք բղավում էին «Պայքար-պայքար մինչև վերջ», «հիմա-հիմա», ինչը դուր չեկավ Տեր Պետրոսյանին, և նա ասաց, որ այդ կոչերը 2008-ից են գալիս և սխալ են: Պարզվում է՝ Տեր-Պետրոսյանն արդեն փոշմանել է իր 2008-ի նախընտրական և հետընտրական թոհուբոհի համար, կամ գուցե իր հետ բեմում կանգնած մարդ կար, ով նույնպես իշխանություն էր 2008թ-ին, դրա համար Տեր-Պետրոսյանն այդքան ջղագրգռվեց այդ կոչերից: Բայց ի՞նչն էր ամենից վիրավորականը, երբ ՀԱԿ առաջնորդը բեմից հայտարարեց, որ ժողովուրդը որոշումներ կայացելու իրավունք չունի, որ եռյակն է, բայց «Ժողովրդական» կուսակցության միացմամբ քառյակն է որոշումներ կայացնում, որոշում օրակարգը և ժողովուրդը պետք է սադրաքների չենթարկվի, չընկնի որևէ ազդեցության տակ և ենթարկվի քառյակին, այնի այն, ինչ իրեն կասեն: Այդ պահին ասես Տեր-Պետրոսյանը ելույթ էր ունենում ոչ թե հայ ժողովրդի առջև այլ հոտի, ովքեր մոլորված եկել էին Ազատության հրապարակ իրենց հովիվին գտնելու համար:
Հանրահավաքի ընթացքում իշխանափոխություն բառից զատ ոչ մի ծրագիր չներկայացվեց, թե ինչպես են իրականացնելու այդ իշխանափոխությունը: Սա պարզապես հավաք էր իշխանություններին ցույց տալու, որ մենք կարողանում ենք հրապարակ լցնել, իսկ դուք՝ ոչ: Ժողովուրդը պետք է որ հիասթափվեր այս անծրագիր գլխափոխությունից, դա արդեն հաջորդ հանրահավաքին կտեսնենք, որի մասին կհայտարարվի երկու-երեք օրից, ինչպես ասաց Տեր-Պետրոսյանը:
Բայց մի՞թե ժողովուրդն այդտեղ էր գնացել հրամաններ լսելու: Արդյո՞ք մարդիկ հավաքվել էին Տեր-Պետրոսյանի միապաղաղ ելույթը լսելու, Ծառուկյանին ողջունելու և մոլորված Րաֆֆիին տեսնելու: Ամենևին: Մարդիկ այդքան կոտրվելուց հետո իրենց մեջ ուժ էին հավաքել, եկել էին ծրագիր լսելու, «ճանապարհային քարտեզը» տեսնելու, որի մասին օրեր շարունակ շեշտում էին:
Բայց այսօր Հայաստանի համար պատմական օր էր, իհարկե, վատ առումներով: Մեր երկիրը ստորագրեց ԵՏՄ-ին անդամագրվելու պայմանագիրը, և 2015թ-ի հունվարի 1-ից կդառնա այս միության լիիրավ անդամ, որը նշանակում է Հայաստան երկրի ինքնիշխանության կորուստ և նոր տիպի «Խորհրդային» կարգերի հաստատում: Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ լծվեց Պուտինի երազած կայսրությանը՝ անժամկետ հայ ժողովրդին դարձնելով այդ հետամնաց միության ստրուկ:
Իսկ եռյակին դա չէր հուզում, եռյակին միայն հուզում է Սերժ Սարգսյան անձի փոփոխությունը: Սա գլխափոխության հանրահավաք էր, և այդ գլուխը Գագիկ Ծառուկյանն էր ծերուկ Տեր-Պետրոսյանի ձեռնադրմամբ: Մի՞թե մեզ այսօր գլխափոխություն է պետք: Մի՞թե մենք ուզում ենք, որ մեզ ղեկավարեն Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և նրանց նման մի շարք մարդիկ: Եթե հայ ազգն ուզում է ոտքի կանգնել և ազատվել այս լծից, նախ և առաջ պետք է ազատվի այս դեմագոգներից, ովքեր աթոռից բացի, այլ նպատակ չունեն:
Տեսնես կգա մի օր, որ հայ ժողովուրդը ազգ կդառնա:











