Տարածք հանձնելը գործնականում անհնարին է․ քաղաքագետ

10

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանի հետ հարցազրույց՝ արցախյան հակամարտության զարգացումների շուրջ։

-Պրն Քանանեան, Հայաստանում իշխանափոխությունից և ապրիլյան իրադարձություններից հետո, նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին  այցը եղավ Արցախ, որտեղ էլ նա հայտարարեց, որ Արցախը պետք է հակամարտության կողմ ճանաչվի և մասնակցի բանակցություններին, քանի որ ինքը չի կարող Արցախի փոխարեն հանդես գալ: Հետագայում տարաբնույթ մակարդակի հանդիպումների ընթացքում Փաշինյանը բազմիցս է կրկնել վերոնշյալը: Ի՞նչ կասեք, Արցախը բանակցային կողմ դարձնելու հնարավորության մասին:

Այդպիսի հնարավորություն չի եղել և չի լինելու։ Բանակցային կողմ լինելու համար հարկավոր է ունենալ պետական սուբյեկտություն, որն Արցախը չունի՝ ի հեճուկս 1991 թվականից Հայաստանից հակասահմանադրաբար պարտադրված «անկախության» թատրոնի գոյության։ Արցախում չկան որևէ պետության սուբյեկտության հիմքում ընկած ռազմաքաղաքական, ժողովրդագրական և տնտեսական նվազագույնս բավարար գործոններ․ չկա համաշխարհային ուժի կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ամբողջական կամ մասնակի՝ հրապարակային կամ անպաշտոն համաձայնությունը՝ Արցախն առանձին պետական միավորում դիտելու հարցում։ Արցախն անխտիր բոլորի կողմից ընկալվում և գործնականում դիտվում է որպես Հայաստանի վիճարկելի շարունակություն՝ այլաբանորեն ասած՝ «extension»։ Եթե Արցախն ունենար նվազագույն ինքնաբավության պաշար և գոնե մասնակիորեն Երևանից տարբերվող քաղաքականություն վարելու հնարավորություն, ապա ինչ֊որ մի փուլում նրան թերեւս թույլ կտային ժամանակավոր տեղ զբաղեցնել բանակցային սեղանի շուրջ։ 1993-1994 թթ․ Բաքվի ուղիղ կապը ՊԲ հրամանատարության հետ կամ Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ պարզ բացատրություն ունեն։ Ռազմաճակատի փլուզման վտանգը կանխելու համար Ադրբեջանն ամեն գնով պետք է մուրար և հասներ ժամանակավոր հրադադարի։ Ուստի՝ պահի անհրաժեշտությունից ելնելով Բաքուն պատրաստ էր «ընդառաջել» Հայաստանի բեմադրած Արցախի «անկախության» թատրոնին։ «Միջազգային միջնորդներն»՝ ի դեմս շահագրգիռ գերտերությունների նույնպես առարկություն չունեին, քանի որ նրանց համար կարևոր էր սակավ կառավարելի ու անկանխատեսելի մարտական գործողություններ սանձելը և գործընթացները նրանց կողմից վերահսկվող բանակցային հարթություն փոխադրելը։ Չպետք է մոռանալ և այն, որ 1994 թ․ Բիշկեքում հրադադարի կնքման բանակցություններին՝ ի հակակշիռ Արցախի ներկայացուցիչների, նրանց դեմ դիմաց ադրբեջանական պատվիրակության կազմում «առանձին» ներկայացված էր նաև «ԼՂ ադբեջանական համայնքը»։ Հրադադարից հետո անցած կարճ ժամանակահատվածում վերադիրքավորված և նոր պատերազմին հետևողականորեն պատրաստվող Ադրբեջանն արդեն ստիպված չէ անվերապահորեն առաջնորդվել Երևանի արտաքին քաղաքականության «տարօրինակ» քմահաճույքներով և բնականաբար իսպառ հրաժարվում է բանակցել առանձին հակամարտության կողմ չհանդիսացող ՀՀ Արցախի մարզի հետ։ Արցախի՝ որպես «առանձին բանակցային կողմի» ջատագովները պետք է քաջ գիտակցեն, որ նրանց գործունեության առավելագույն արդյունքը կարող է լինել սոսկ «ԼՂ հայկական-ԼՂ ադրբեջանական համայնքներ» ձևաչափի վերականգնումը, որը նույնքան անհեթեթ է, որքան վտանգավոր։

– Վտանգավոր չէ արդյո՞ք «Հայաստանը  չի կարող Արցախին ներկայացնել» եզրույթը, միտում չկա՞ Արցախ-Հայաստան արհեստական ջրբաժանի:

Այս ձևակերպումը վտանգավոր և մերժելի է մի շարք հարթություններում։ Նախ՝ Արցախը՝ որպես ՀՀ ինքնիշխան տարածքի անօտարելի մաս չընդունելն ինքնին ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ուստի և՝ քրեորեն պատժելի հանցագործություն։ Ապա, պետք է հստակ գիտակցել, որ բանակցությունների լիարժեք կողմ կարող էր լինել միայն իրական սուբյեկտությամբ օժտված կողմը, որն, ինչպես քիչ առաջ ասել ենք, Արցախը չէ։ 

– Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական երրորդ հանդիպումն են անցկացնում, վերջինն անգամ հաջորդեց 4 ժամանանոց Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, սակայն ամեն ինչ մնաց դռների հետևում: Ի՞նչ միտումներ եք տեսնում այս հանդիպումների հետևում:

Առանձնապես մտահոգիչ միտումներ չեմ տեսնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավաչափով ընթացող բանակցային գործընթացի բուն գործառույթը հրադադարի ռեժիմը հնարավորինս երկարաձգելն է։ Նոր միտումներ հարկավոր են արցախյան հայեցակարգի ներքին և արմատական փոփոխության ուղղությամբ։ Առավելապես մտահոգիչ է հէնց դրանց բացակայությունը։

– Շատ է շրջանառվում «տարածքներ խաղաղության դիմաց» արտահայտությունը, նույնիսկ կողմերին պատրաստում են խաղաղության, արդյո՞ք կարող են լինել նման քննարկումներ, քանի որ նախկինում բազմիցս այս թեման շրջանառվել է:

Տարածք հանձնելը գործնականում վաղուց անհնարին է։ Տարածք հանձնելուն համաձայնություն տված և հատկապես այն ի կատար ածելու հրաման արձակած կառավարությունը տապալվելու է հաշված ժամերի ընթացքում։ Իսկ «խաղաղությանը պատրաստվելը» դատարկ և ձևական բարեմաղթանքն է 2001 թ․ քիվեստյան օրերից։ Խաղաղությունը պատրաստվելու և այն վայելելու համար Հայաստանն ունի սոսկ մեկ ուղի՝ հզոր պետականություն և Կուր գետին դուրս գալուն ընդունակ Զինված ուժեր կերտելը։

– Ինչպե՞ս եք տեսնում Արցախի խնդրի լուծումն այսօր, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, և արդյո՞ք ներկա իշխանությունները լիովին ընկալում են Արցախի առաջ կանգնած սպառնալիքները:

Արցախյան խնդիրը վաղուց և, ըստ էության, լուծված է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է ձերբազատվեն «երկրորդ հայկական պետության» թատրոնը շարունակելու միանգմայն վնասակար ու հակարդյունավետ քաղաքականությունից։ Նախ՝ պետք է անվերապահորեն վերականգնվի ՀՀ արցախաբնակ քաղաքացիների ընտրական իրավունքը։ Ապա՝ ըստ ժամանակագրորեն համաձայնեցված ճանապարհային քարտեզի մի քանի ընթացիկ գերատեսչական ակտերով պետք է վերացվեն Արցախի մարզը ՀՀ մնացյալ տարածքից տարանջատող մի քանի ապօրինի վարչաիրավական կարգավորումները։