ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ Քաղաքավիացիայի ոլորտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
«Առաջին հերթին պետք է ֆիքսենք, որ «սև ցուցակում» հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, և ոչ թե՝ որևէ ավիաընկերություն: Այնտեղ է հայտնվել այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես պետության ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովելու ինքնաթիռների անվտանգության կանոնները:
Ի վիճակի չէ վերահսկել, որպեսզի ավիաընկերություններն իրականացնեն անվտանգային բոլոր նորմերի պահպանումը: Այդ ստուգումները կատարվել են նոյեմբերի ամսին, եթե վարչապետի խորհրդական պարոն Ճաղարյանի խորհուրդներն այդ ժամանակ լսեին, և քայլեր ձեռնարկվեին, հնարավոր կլիներ կասեցնել «սև ցուցակում» հայտնվելը:
Սակայն Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության պատճառով Հայաստանը հայտնվել է «սև ցուցակում»»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց պատգամավորը:
Ըստ նրա՝ կեղծ լուրեր են շրջանառվում, որ այն ավիաընկերությունները, որոնք այլևս չեն կարողանալու թռիչներ կատարել եվրոպական երկրներ՝ գոյություն չունեն, միայն թղթի վրա են գրված: Գորգիսյանը պնդեց՝ այդ ավիաընկերությունները գոյություն ունեն:











