Վրաստանում արտակարգ դրությունը չի երկարաձգվի

7

Վրաստանում արտակարգ դրությունը կչեղարկվի մայիսի քսաներկուսին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։

Ըստ Newsgeorgia-ի փոխանցման, Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի քսանմեկին՝ մեկ ամիս ժամանակով, հետագայում երկարաձգվել էր մինչեւ մայիսի քսաներկուսը։ Վարչապետ Գախարիան ասել է, որ Վրաստանում համաճարակային իրավիճակի խորն ու համապարփակ վերլուծությունը թույլ է տվել հանգել այն որոշման, որ կարիք չկա դիմել նախագահին եւ պառլամենտին՝ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման խնդրանքով։ Նա նաեւ հավելել է, որ արտակարգ դրությունից դուրս գալը չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները վերացվելու են։

Նա նշել է, որ շատ սահմանափակումներ պահպանվելու են, որպեսզի կարողանան համաճարակային ռիսկերը վերահսկել։ Հնարավոր է նույնիսկ որ սահմանափակումները ամրագրվեն օրենսդրորեն, որպեսզի իշխանությունները կարողանան կառավարել համաճարակային իրադրությունը, առանց արտակարգ դրություն հայտարարելու։