Վրաստանը կսկսի զբոսաշրջիկներ ընդունել, բայց միայն կորոնավիրուսի ցածր մակարդակ ունեցող երկրներից

8
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է` համաձայն Վրաստանի առողջապահության նախարարության կարգադրությունների: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

«Առաջին հերթին մենք զբոսաշրջիկներ կընդունենք, այսպես կոչված, կանաչ երկրներից և կանաչ տրանսպորտային միջանցքներից, որտեղ բնակչության՝ կորոնավիրուսով վարակման ցուցանիշը համեմատաբար ցածր է: Արտասահմանցի զբոսաշրջիկներին որոշակի պահանջներ կներկայացվեն երկիր մտնելու և երկրում շրջելու համար»,-ասել է Գամկրելիձեն:

Նա հայտարարել է, որ Վրաստանում անհանգստությամբ են հետևում հարևան երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում կորոնավիրուսային իրավիճակին: