Վիգեն Սարգսյանը պատասխանել է Կարեն Կարապետյանի հայտարարությանը

9

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը կապված ապրիլյան պատերազմի օրերին բանակում եղած վառելիքի խնդրի հետ:

«Վարչապետի հայտարարությունը շատ արդիական էր, վերաբերում էր մեր մասնավոր մատակարարումների նկատմամբ պետական վերահսկողությանը: Ես, որպես պաշտպանության նախարար, շատ կարևորում եմ այդ մոտեցումը: Որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակն իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով պատշաճ վերահսկողություն`միշտ նաև հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե՛ որպես պետական պահուստ, տրված ի պահ մասնավոր մատակարարին, թե՛ ծայրահեղ իրավիճակներում, կարող է պետք լինել բանակում օգտագործման համար: Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, դա կարող էր խնդիր առաջացնել», – հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում մարտի 1-ին բանակումվառելիքի հետ կապված հայտարարություն է արել:

Վարչապետի խոսքով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր վարչապետը: