Վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է. Բ. Սահակյան

7

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ և արդյունավետ աշխատանքի համար` ամենայն բարիք մաղթելով նրան: 

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակում դրա խաղաղ կարգավորմանը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Անդրադարձ է կատարվել նաև սահմաններում տիրող իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: