Պաշտոնական Անկարան Վատիկանի Սուրբ Աթոռի հետ բնականոն դիվանագիտական հարաբերությունների ձևաչափին վերադառնալու մասին հայտարարեց Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց: Տեղեկացնում է Azatutyun.am-ը:
Հայտարարության մեջ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:
«Բոլոր շահագրգիռ կողմերի պատմաբաննների և հետազոտողների համար արխիվները բացելու` Թուրքիայի կողմից շարունակաբար բարձրաձայնվող հանձնառությունը գնահատելի է: Նման քայլը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ այն ցավն ու տառապանքները, որոնց միջով անցել են պատերազմական կացության, հակամարտության ճիրաններում հայտնված մարդիկ` առանց տարբերակում դնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելության մեջ: Դա վերաբերում է նաև 1915 թվականի ողբերգական իրադարձություններին», – նշված է Սուրբ Աթոռի երեկ տարածած հայտարարության մեջ:
Չսահմանափակվելով 1915 թվականի իրադարձություններով` Վատիկանն իր հայտարարության մեջ հիշատակում է նաև հայկական զինյալ խմբերի՝ 1970-ականներին Եվրոպայում ծավալած գործունեության մասին:
«Ցավի և տառապանքների մասին հիշողությունները վերաբերում են ինչպես հեռու անցյալի, այնպես էլ համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձություններին` մասնավորաբար Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմի` ահաբեկչական խմբավորման կողմից 1977 թվականին կատարված սպանությանը», – նշված է Վատիկանի մամուլի ծառայության կողմից երեկ տարածված հայտարարության մեջ:











