Վահե Գրիգորյանը կստանձնի՞ ՍԴ նախագահի պաշտոնը

4

Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ-ում երդման ժամանակ նշել է, որ ինքը լինելու է ՍԴ երկրորդ դատավորը:

«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ. ՍԴ-ում այս երդումը տալուց հետո լինելու եմ երկրորդ դատավորը»,– ասաց նա՝ նշելով, որ մյուսները ՍԴ անդամ են: «ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ եւ 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից, եւ որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով», ասել է Գրիգորյանը:
Գրիգորյանը նաև նշել է, որ երդում տալուց հետո ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։
«ՍԴ մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրան համախոհությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ: Ամեն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ և հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում, խստիվ պիտի պահանջեմ, որ իսպառ բացառվի ՍԴ անդամների դեմ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան»,- ասաց նա։