Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանքի տակ

11

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Հարցին, թե արդյո՞ք դատարանի որոշման դեմ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել, պաշտպանը պատասխանեց, որ իրենց գործողություններն ըստ օրենքով սահմանված կարգի՝ կիրականացվեն:

Նշենք, որ, թեև Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշում է կայացվել ապրիլի սկզբին, սակայն պաշտպանը հայտնեց, որ այս պահի դրությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին՝ պաշտպանն ասաց, որ, եթե կալանքի տակ գտնվող այլ անձանց խափանման միջոցը փոխվում է համավարակով պայմանավորված, ապա իրենց պարագայում հասկանալի պատճառներով դա փոփոխման ենթակա չէ՝ անկախ հիմնավորվածությունից և այլ հանգամանքների հաստատվել-չհաստատվելուց: Հարցին, թե արդյո՞ք դատարանները Վահագն Վերմիշյանի գործով կաշկանդվածություն ունեն, փաստաբանը պատասխանեց, որ կաշկանդվածության վերաբերյալ հստակ որևէ բան չի կարող ասել, բայց այն, որ հիմքերի գնահատման և դիրքորոշման առումով կարելի էր քննարկել, դա հաստատ է:

Նշենք, որ Վահագն Վերմիշյանից բացի սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

«Կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը»,- փետրվարի 5-ին հայտարարել էր ԱԱԾ-ն։
Մինչդեռ փաստաբանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ՝ Վերմիշյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։