Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման. հայտնի չէ, թե որտեղ կկրի պատիժը

5

Գյումրիում Ավետիսյաննների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատապարվեց ցմահ ազատազրկման: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց սպանության առթիվ հարուցված քրեական գործով դատավճիռը:

Ըստ այդմ՝ Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1,5,8 կետերի հատկանիշներով, այն է`երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով, այն  է`ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329  հոդվածի առաջին մասով, այն է` պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:

Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր ճանաչվեց իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվեց ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:

Պերմյակովի պատժին գումարվեց նաև Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ դատախազն այդպես էլ չնշեց, թե Պերմյակովը որտեղ է կրելու պատիժը, այս մասին բարձրաձայնեց նաև Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը՝ շեշտելով, որ ինքը դեռ չգիտի, թե իր պաշտպանյալը որտեղ է կրելու պատիժը:

Միաժամանակ ռուսական Ինտերֆաքսը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի, Պերմյակովը կարող է ռուսական դատարան դիմում գրել՝ հայրենիքում պատիժը կրելու խնդրանքով: Դատարանը հաստատում է դատավճիռն ու ուղարկում ՌԴ արդարադատության նախարարություն՝ կատարման», – ասել է աղբյուրը, նշելով, որ համապատասխան իրավապայմանագրային հիմքեր կան: