Regnum լրատվական գործակալության աղբյուրի համաձայն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին այդ կառույցի երկրների վերաբերմունքի պատճառով՝ ուղղված Արցախին:
Աղբյուրի համաձայն՝ իրադարձությունների նման զարգացումը կապված է Լեռնային Ղարաբաղի հարցում Մաքսային միության երկրների և մասնավորապես Ղազախստանի դիրքորոշման հետ: Նրանց խոսքերով՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև չհամաձայնեցված են մնում նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են ինտեգրացիոն միավորումների հետագա գործունեությանն ու զարգացմանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հստակեցնել Մաքսային միության սահմանները՝ կապված Ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մաքսային միություն Հայաստանին ընդունելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը:











