Սև ցուցակը հրապարակվեց. Եվրահանձնաժողովն արգելել է հայկական բոլոր ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

4
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է այն կազմակերպությունների սև ցուցակը, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սև ցուցակում են ընդգրկվել Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի կողմից որակավորված բոլոր ավիաընկերությունները՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball:

Ցուցակում են ներգրավված նաև ուղղաթիռները, անգամ օդապարիկները:
 
Եվրոպական հանձնաժողովն այս որոշման է հանգել՝ հիմք ընդունելով Քաղավիացիայի կողմից անվտանգային վերահսկողություն իրականացնելու ցածր մակարդակը: Որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում։

Ավիացիոն մասնագետներն ամիսներ շարունակ բարձրաձայնում էին խնդիրների մասին, անգամ ելքեր առաջարկում, սակայն մինչև վերջին պահը Քաղավիացիայի կոմիտեն հերքում էր: