Սփյուռք – Հայաստան Ռազմավարական Ուղենիշ

27

 

ՉԿԱ՛ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, ԿԱ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԲՆԱԿՎՈ՛Ղ ՀԱՅ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇ-ԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱԴՐԻ, ՈՐ ՀՀ ՊԵՏՈՒ-ԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑ-ՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԿԱԿԱՌՈՒՑԵԼ ԱՅՍ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ։

Սփյուռքի Նախարարությունը համարվել ու համարվում է երկրորդական նախարարություն, և սա այն դեպքում, երբ որ պետք է լիներ լրիվ հակառակը, քանի որ հայկական սփյուռքը ՀՀ-ի նկատմամբ ունի եռակի անգամ հայության թվաքանակ, և տարեկան կտրվածքով ՀՀ դրամային փոխանցումների, ներդրումների, տուրիզմի և այլ խողովակներով նրա կողմակի մասնակցությունը ՀՀ այսօրվա բյուջեում ահռելի է։

Այսօրվա Սփյուռքի Նախարարի կողմից հնչեցված «Հայաստան-Սփյուռք ԿԱՊԻ ԽՈՐԱՑՈՒՄ» միտքն անգամ արդեն սխալ հայեցակետ է, որի մասին ես տարիներ առաջ ասել եմ նաև Հրանուշ Հակոբյանին։ Հայաստան-Սփյուռքը պետք է հասկանալ ու ընկալել որպես ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ամբողջի գաղափար-ծրագիր, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ծրագրերի վերամշակում՝ այդ ամբոջականի համատեքստով, այլ ոչ թե իբր երկու հատվածների կապերի ամրապնդումով, որը սովետական տարիների մոտեցում էր։ Այսինքն, շարունակվում է նույն սխալ հայեցակարգը սովետների ժամանակներից սկսած («Սփյուռքահայության հետ կապերի Կոմիտե»), և նախկին ռեժիմի ժամանակներում շարունակվող սխալ հայեցակարգը։

Այսօրվա բազմաբղետ ու անկազմակերպ ՍՓՅՈՒՌՔԸ հնարավոր է դարձնել կազմակերպված ու նպատակային միմիայն Հայաստան պետության հենարան-լծակի միջոցով։ ՀՀ-ում պետք է լուծվեն կառավարման համակարգի ԳԼՈԲԱԼ կառուցվածքային խնդիրներ, և այդ կառուցվածքային ենթադրյալ փոփոխությունները, եթե չունենան ՍՓՅՈՒՌՔԸ կազմակերպելու և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԻ հայեցակարգով մոտեցում, ապա հնարավոր չի լինելու 21-րդ դարի աշխարհաքաղաքական առաջիկա մարտահրավերներին Հայաստան պետության դիմակայունությունը։ Հայաստանի Հանրապետության ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ պետք է ունենա ՍՓՅՈՒՌՔԻ հետ ոչ թե կապերով հարաբերվելու, այլ այն կազմակերպելու և մեկ ամբողջի մեջ ներառելու ռազմավարություն ու մարտավարություն, այլապես 10-15 տարի հետո մենք կունենանք ուծացվող այսօրվա Սփյուռքի կեսը միայն։ Սփյուռքի կազմակերպման խնդիրները պետք է լուծվեն, կառուցվեն Հայաստանի Հանրապետության Մշակույթի, Տնտեսական -ներդրումային, Կրթության և Գիտության, ինչպես նաև Պաշտպանության նախարարությունների հետ միասին՝ ամբողջական փաթեթային ծրագրով։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԱՅԻՆ ՎԵԿՏՈՐՆԵՐ

 

1.- ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՀ Սփյուռքի նախարարությունը պետք է ունենա իր բաժինները՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում, Մշակույթի նախարարությունում, Կրթության և գիտության նախարարությունում, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում,  Պաշտպանության նախարարությունում։

 

2.-  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ-ՑԱՆՑԱՅԻՆ ՇՈՒԿԱ

Հայաստան-Սփյուռք միասնական ցանցային տնտեսական շուկայի ձևավորում՝ բաց բաժնետիրական տնտեսաֆինանսական ձևաչափի կիրառմամբ՝ պետության 51%-ի բաժնետիրությամբ և վերահսկողությամբ։

ՀՀ-ում ձեռնարկել ռազմավարական նշանակության կառույցների շինարարություն, հայտարարել դրանք որպես համազգային ծրագիր՝ կիրառելով բաց բաժնետիրական ձևաչափը և ընդլայնակի ներգրավելով Սփյուռքը։ Նպատակը՝ Սփյուռքում բնակվող և երկքաղաքացիություն ունեցող բոլոր հայ մարդիկ կարող են լինել Հայաստանում ռազմավարական նշանակության կառույցների բաժնետերեր («Համահայկական Հիմնադրամ» կառույցի մարտավարական ուղղության փոփոխություն՝ առավելագույն արդյուավետ օգտագործման մարտավարությամբ)։ Այս դրույթն ունի բազմաշերտ ու բազմաճյուղ մանրամասն ծրագիր, որն այստեղ նպատակահարմար չենք գտնում տեղադրել։

 

3.- Սփյուռք-Հայաստան ազգային կրթական-ինֆորմացիոն՝ ազգային ինքնության միասնական դաշտի ստեղծում և ապահովում (մայրենի լեզու, միասնական ուղղագրություն, հայոց պատմություն և մշակույթ)։

Ա) Հայերենի միասնական ուղղագրություն։

Բ) Հայոց պատմության սկզբունքային հինադրույթների՝ բնիկության, ցեղասպանության, պատմական սահմանների մասին միասնական ծրագրային մոտեցում։ 

 

4.- Հայաստանի Հանրապետության կողմից Սփյուռքում գոյություն ունեցող բոլոր հասարակական-մշակութային կազմակերպությունները ցանցային միավորող կառուցներում ապահովելու ռազմավարություն։

Ափյուռքի գերակա խնդիրը ուծացման դեմ պայքարն է՝ հայապահպանությունը։ Եվ այս առումով այդ գործն իրականում կատարում են արդեն գոնություն ունեցող հայկական ոչ եկամտաբեր կամ որպես փոքր բիզնես գրանցված տասնյակ հազարների հասնող մշակութային կազմակերպությունները, որոնք իրենց այդ միավորները կարողացել են կազմակերպել ինքնուրույն բիզնես-ֆինանսական շարժիչային համակարգեր ձևավորելով (կիրակնօրյա հայկական դպրոցներ, ազգային պարի համույթներ, թերթեր, հեռուստատեսություններ, հասարակական կազմակերպություններ և այլն)։ Եվ հիմնականում հե՛նց այս միավորների շուրջ է կենտրոնացած սփյուռքահայության մեծամասնությունը, այլ ոչ թե եկեղեցու կամ ավանդական կուսակցությունների շուրջ, որոնք, անշուշտ, նույնպես ունեն իրենց ահռելի ներդրումը հայապահպանման գործում։

Եվ ուրեմն, անհրաժեշտ է հե՛նց այս միավորների ընդգրկումը կառույցների մեջ և ՀՀ պետության կողմից ուղիղ աշխատանքը ա՛յս կառույցների հետ։

Անհրաժեշտ է՝

Ա) ՀՀ-ի կողմից բարոյական ու ֆինանսական սատարում այս կառույցներին։

Բ) ՀՀ-ի կողմից սփյուռքյան կազմակերպությունների հետ միասին գործուներության ռազմավարական նշանակության թիրախների միասնական որոշում։

 

5.- Հայաստանի Հանրապետության կողմից Սփյուռքի համայնքներում անհրաժեշտ ծրագրային մոտեցումներն են՝

ա) Ռուսաստանում, որտեղ այսօր կա ավելի քան երկու միլիոն հայություն, հայ եկեղեցիներին կից պետք է բացել շաբաթ-կիրակնօրյա հայկական դպրոցներ։ Այս ծրագրի ֆինանսական սատարումը կկատարեն տեղական համայնքները։ Պետք է միայն Հայ Առաքելական Եկեղեցու ծրագրային հրամանը, որպեսզի բոլոր հայկական եկեղեցիները պարտադիր ունենան շաբաթ-կիրակնօրյա հայկական դպրոցներ։ Տեղական համայնքներին սատարելով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի դասագրքերի (լեզու, գրականություն, հայոց պատմություն) տրամադրումը և ուսուցիչների կատարելագործման գործը,

բ) տեղական համայնքների և հասարակական-մշակութային կառույցների հետ միասնական ծրագրերի մշակում և պետական սատարում, 

գ) հատկապես Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Միջին արևելքի երկրների տարածքներում գտնվող մշակութային խմբերի, ինչպես նաև այդ երկրներում միջոցառումներ անցկացնող ՀՀ մշակութային խմբերի գործունեության համար  վարչական և ֆինաննսական օժանդակության ապահովվում։

դ) Միջին արևելքի երկրներում և հատկապես Թուրքիայում իսլամադավ հայերի առնչությամբ ծավալային չափերով ազգային-մշակութային աշխատանքների կատարում։

 

6.- Հայաստանի Հանրապետության ԲԱՆԱԿՈՒՄ ստեղծել սփյուռքահայ կամավորների ծառայողական կորպուս։

 

7.- Հայաստանի Հանրապետության կողմից Ներգաղթ կազմակերպելու հնգամյա մարտավարական ծրագրերի մշակում։

Այս դրույթը պարտադրում է հետևյալ նախնական աշխատանքները (ճշգրիտ թվաքանակ, վիճակագրություն և այլն)՝

Ա) աշխարհասփյուռ բոլոր հայերի հաշվառում՝ ըստ երկրների,

Բ) տարիքային ցենզով ներկայացում,

Գ) կրոնական պատկանելիության (առաքելական, ուղղափառ, կաթոլիկ, բողոքական, իսլամադավան և այլն),

Դ) Միայն հիշողության կապով իրենք իրենց հայ համարողների թվաքանակ՝ ըստ երկրների և հստակ աշխարհագրությամբ (տեղանք՝ քաղաք, գյուղ, համայնք)։

Ե) Սոցիալական շերտերով ներկայացում՝ ըստ երկրների և համայնքների։

 Զ) Այդ համայնքների մեջ գոյություն ունեցող կազմակերպությունների (կրոնական, եկեղեցական, մշակութային) գրանցում և կապերի հաստատում։