Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ թաղամասի փողոցներից մեկը կրկին կանվանակոչվի Օսմանյան կայսրության նշանավոր հայկական տոհմերի՝ Դադյանների անունով, այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com կայքը:
Նշենք, որ Դադյանների անունը կրող փողոցը այս տարվա հունվարի սկզբին անհասկանալի հանգամանքներում անվանափոխվել էր՝ ստանալով «Մաբեթ» անունը:
Աղբյուրը նշում է, որ Բաքըրքյոյի համայնքապետարանը, արձագանքելով տեղի բնակչության պահանջին, միաձայն որոշում է կայացրել վերադարձնել փողոցին հին անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից:
Նշենք, որ 19-20-րդ դարերում պոլսահայ հասարակության մեջ ակտիվ դեր խաղացած Դադյանները, ըստ ավանդության, սերում են Արծրունիների թագավորական տոհմից:
Հայտնի է, որ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է հենց Դադյանների ստամբուլյան առանձնատներից մեկում:














