Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը դուրս է բերվում

11

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը:

Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում:

Այնուհետև Պուտինը հարցը քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայից ռուսական զինված ուժերի մասնակի դուրսբերման վերաբերյալ նախագահ Պուտինի այսօրվա հայտարարությունը և մարտական գործողությունների լիակատար դադարեցման ապահովման համար անհրաժեշտ հերթական քայլերը՝ հակամարտության կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունների առաջմղման նպատակով:

Հայտարարություն տարածվեց, որ ռուս ռազմական խորհրդականներն ու մասնագետները շարունակում են աշխատանքը Սիրիայում` գործնական ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելով սիրիական բանակին: Ըստ այդմ՝ Սիրիայում ռուսական մոտ 1000 զինծառայող կմնա: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հայտնել ռազմական և դիվանագիտական աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ մինչև վերջերս Սիրիայում գրոհայինների ոչնչացմանն ուղղված մարտական խդնիրների 70%-ը իրականացնում էր ՌԴ օդուժը: «Այսօր արդեն հիմնական ծանրությունն ընկնում է ցամաքային գործողություններ կատարող զորքերի վրա, ուստի, խորհրդականների դերը բարձրանում է»,-ասել է նա:

Պուտինի հայտարարությունից հետո մամուլում տարաբնույթ լուրեր են շրջանառվում Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ և տարբեր շահարկումները լռեցնելու համար ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն ինչ-որ մեկին դուր գալու համար չի կայացվել: 

«Մեր որոշումը Սիրիայում մեր ռազմատիեզերական ուժերի գործունեության մասնակի դադարեցման մասին ելնում է նրանից, որ Սիրիայի նախագահի խնդրանքին ի պատասխան ՌԴ նախագահի կողմից մեր զինված ուժերի առաջ դրված հանձնարարականները` ամրապնդելու սիրիական զինուժի հմտությունները, ընդհանուր առմամբ իրականացվել են: Սիրիական բանակը վերականգնել է իր դիրքերը հիմնական ուղղություններում և ահաբեկիչներին զգալի վնաս է հասցվել», – ասել է Լավրովը:

Ռուսական լրատվամիջոցներն արդեն տեսանյութեր են հրապարակել Սիրիայից մասամբ դուրս բերված ռուսական ռազմական խմբավորման մասին: