Միքայել Մինասյանը մերժել Է Նիկոլ Փաշինյանի առաջարկը

44
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման մասին։ Մինասյանը տեսանյութը վերնագրել է այսպես․«Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»։

Մինասյանը պատմում է, թե ինչպես է Արթուր Վանեցյանին հանդիպել Հռոմում 2019 թվականի փետրվարին, ինչ-որ սրճարանում։ Ըստ Մինասյանի՝ Վանեցյանը զանգահարել է իրեն և առաջարկել հանդիպել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ունի Մինասյանին, ապա մեկնել է Հռոմ, հանդիպել նրան և ասել, որ ինքն այստեղ է որպես ԱԱԾ տնօրեն և իրավասու է խոսել Նիկոլ Փաշինանի անունից։

«Վանեցյանն ասաց, որ մենք ունենք առաջարկ՝ դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ ոնց, կքննարկենք՝ ուր, անշուշտ, ինչ-որ մի հիմնադրամ կամ ինչ-որ մի պետական հիմնադրամ, կմուծես ինչ-որ մի սիմվոլիկ գումար, և դրանից հետո դու չես գալիս Հայաստան երբեք, գոնե թե առաջիկա տարիների ընթացքում, բոլոր այն մարդիկ որոնք այս կամ այն ձևով առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դու իրենց համար կարևոր ես, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ քո կյանքով, Հայաստանից դուրս, բայց այն պահից, երբ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում ես հորս մասին, ընիերներիս մասին, և մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,-տեսանյութում պատմում է Միքայել Մինասյանը։

Ըստ Մինասյանի ինքը չի ընդունել Վանեցյանի միջոցով արված Փաշինյանի առաջարկը, որովհետև ինքն իրեն չէր կարող ներել և չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը և այս վիճակում է:

Տեսանյութում Սերժ Սարգսյանի փեսան պնդում է, որ իր կողմից որևէ հանցանքի վերաբերյալ որևէ ապացույց հնարավոր չէ գտնել: