Սա ավարտվելու է հերթական ցեղասպանմամբ. Հարություն Մեսրոբյան

25

Դեկտեմբերի 6-ին սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, սահմանադրական բարեփոխումների նախագծի մեջ առկա բացթողումների, մեզ սպասվող փոփոխությունների և աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին Հայաստանում տիրող իրավիճակի մասին «Ազատ Ձայն»-ը զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

Պրն Մեսրոբյան, սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակն ըստ ձեզ լիարժե՞ք է, արդյո՞ք այն համապարփակ մի փաստաթուղթ է, որի ընդունմամբ ՀՀ քաղաքացին իրեն ավելի ապահովագրված կզգա, թե՞ այն զութ մի փաստաթուղթ է, որը ծառայում և ծառայելու  է իշխող վերնախավին:

Հայաստանում մինչ այսօր գործող սահմանադրության կետերի 75 տոկոսը պարբերաբար խախտվել են: Եթե ոչ պարբերաբար, ապա գոնե մի անգամ խոխտվել են: Հիմա ինձ մոտ է հարց ծագում, եթե գործող սահմանադրությունը խախտվում է 75 տոկոս իր հոդվածներով, ինչո՞ւ ենք մենք այդքան լուրջ վերաբերվում, թե ինչ է գրված այնտեղ: Այդ տրամաբանությունը ես ուզում եմ հասկանալ: Այդ հարցը ես ուղղում եմ թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական գործիչներին, եթե իրենք տարրական թվաբանության հետ ինչ-որ առնչություն ունեն: Սա մեկ:

Երկրորդը՝ գործող սահմանադրությունը 1995 թվականին ընդունվել է խախտումով, իսկ 2005թ.-ին խախտումներով փոփոխվել է: Այսինքն՝ իրականության մեջ գործող սահմանադրությունն էլ լեգիտիմ չէ: Հիմա հարց եմ տալիս՝ ի՞նչը ինչի հետ ենք փոխում:  

Ի՞նչ կարևոր բացթողումներ կան, որ կարող եք առանձնացնել: 

Բազմաթիվ բացթողումներ կան: Նախ ողջ աշխարհում, թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, թե՛ կիսանախագահական սահմանադրություններն անմրցունակ են: Ամբողջ աշխարհում այս երեք կառավարման մոդելները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մտել են ճգնաժամի մեջ: Բերեմ օրինակ՝ ասենք կան պետություններ, որտեղ եթե ընտրողների 25 տոկոսը մասնակցում են ընտրություններին, ապա այդ ընտրությունները համարվում են կայացած: Սա ի՞նչ մաթեմատիկական հաշվարկ է: Այսինքն՝ եթե 25 տոկոս, այնտեղ էլ 50 տոկոս գումարած մեկ ձայն, ստացվում է, որ երկիրը կարող է կառավարել  ընտրողների 12.5 տոկոս գումարած մեկ ձայն ստացածը: Սա չի՞ նշանակում, որ երկիրը գնում է դեպի ճգնաժամ: Եվ երբ դեմոկրատիայի, մարդու իրավունքների ջատագովները անմեղ աչքերով սկսում են բացատրել այդ իրավիճակը, ես պարզապես  զարմանում եմ, իրենք տարրական դպրոց ավարտե՞լ են, տարրական թվաբանությունից գաղափար ունե՞ն: Կասեմ՝ ոչ: Հաջորդ օրինակը՝ այսօրվա Ֆրանսիան հինգերորդ հանրապետություն է: Բազմիցս բերում եմ այդ օրինակը, բայց ոչ ոք չի անդրադառնում այդ օրինակին, որ գոնե Ֆրանսիայի պատմությունը ուսումնասիրեն: Երկու դար է՝ ֆրանսիացիները պարբերաբար փոխում են իրենց կառավարման համակարգը՝ նախագահականից անցնելով խորհրդարականի, ապա կիսանախագահականի: Դրա համար հինգերորդին են հասել նրանք, սա ոչինչ չի՞ հուշում: Այսինքն՝ կառավարման այս մոդելները հաջողություն չեն բերում: Ֆրանսիացիները հո ապուշ չէին, որ 200 տարվա մեջ 5 անգամ փոխեին կառավարման մոդելը: Հաջորդ օրինակը՝ ես ուսումնասիրել եմ 11 պետություն, որոնք երկրորդ աշխարհամարտից հետո ունեցել են թե՛ պետական կառավարման, թե՛ տնտեսական կտրուկ թռիչք: Այս պետություններից ոչ մեկում այս երեք մոդելներից կլասիկ իմաստով ոչ մեկը չկա:

Իսկ ո՞ր երկրներն են, կմասնավորեցնե՞ք:

Սինգապուրը, Չինաստանը և այլն: Խոսելով չի էլի՝ հերի՛ք եղավ: Հիմա ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում: Ընկել ենք արհեստական բաների ետևից: Սահմանադրության փոփոխելու հարցը արհեստական բարձրացվեց: Կես տարի բոլորի գլուխները գնաց: Մենք Հայաստանով հանդերձ շատ անլուրջ տպավորություն ենք թողնում դրսի վրա: Այսպես չի՛ կարելի:

Իսկ ի՞նչ կասեք սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ պայքարողների մասին:

Ես ուզում եմ արձանագրել մի փաստ. շատերը, ով հիմա պայքարում են նոր սահմանադրության դեմ, ժամանակին դեմ էին եղել հին սահմանադրությանը, հիմա պաշտպանում են հինը: Սա ի միջի այլոց, թող դա իրենց խղճի վրա մնա: Այս նոր սահմանադրության մեջ, ինչպես և նախորդում, եթե չեմ սխալվում, այնտեղ էլ է մտցված, որ միջազգային պայմանագրերը և տարաբնույթ այդ փաստաթղթերը ավելի բարձր են ստատուսով, քան մեր սահմանադրությունը: Այս լիբերալ կոչեցյալները, սուվերենության մասին դուրս տվողները մի ձայն չեն հանում դրա մասին: Ինչո՞ւ են հալած յուղի տեղ դա ընդունում: Արդեն այս նոր սահմանադրությամբ, չնայած հնով էլ էին անում, նոր սահմանադրությամբ արդեն խփում են բուն ազգային արժեքներին՝ ընտանիք և այլն: Իսկ ո՞վ է ճնշում: Մեր սիրելի գրանտակերների կողմից սիրված Արևմուտքը: Ճնշում է չէ՞:  

Անդրադառնանք նաև ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթին, չե՞ք  կարծում մայրիշխանության համակարգ են փորձում ներդնել՝ այդ դրույթն ավելի շատ կենտրոնացնելով մոր ու երեխայի պաշտպանության վրա:

Ոչ մեկը իրավունք չունի ազգի պատմականորեն ձևավորված ավանդույթներին դիպչի: Սա պետք է բոլորը ականջներին օղ անեն: Հասկանո՞ւմ եք, չի կարելի, որովհետև չի կարելի: Գրանտները լափում են, հիմար բաներ են դուրս տալիս: Ամոթ չեն անում: Չի կարելի նման բան անել:

Ի՞նչ կասեք այն մասին, որ մեր սահմանադրության մեջ սփյուռքին վերաբերող դրույթներն ընդամենը երկուսն են:

Մենք սփյուռք ունեցող ժողովուրդ ենք: Ազգի երկու երրորդը, եթե ոչ երեք քառորդը դրսում է: Սահմանադրության մեջ երկու կետ է մտցված: Բա ամոթ չէ՞: Մենք ո՞ւմ սահմանադրությունն ենք ընդունում՝ Գրենլանդիայի, թե՞ վերջ ի վերջո Հայաստանի: Որտե՞ղ է երևում, որ սփյուռքը Հայաստանի անքակտելի մասն է: Եվ նման բազմաթիվ թերացումներ: Ո՛չ այս գործողն է մի բան, նորն էլ մի բան չէ, ո՛չ մեր կառավարման էլիտան՝ լինի դա իշխանություն, թե ընդդիմություն անպետք են 99 տոկոսով: Մեզ մոտ ամեն ինչը պետք է փոխվի: Եվ պետք է փոխվի մեր վերաբերմունքը ամեն մի պատասխանատու անձի նկատմամբ՝ լինի դա իշխանությունում, թե ընդդիմության շարքերում: Մեզ մոտ իշխանություն-ընդդիմություն մի հաշիվ է: Երեկ իշխանություն էր, այսօր ընդդիմություն: Կարգավիճակը փոխվում է, բայց մակարդակը մնում է շրիշակի մակարդակի:

Պրն Մեսրոբյան, մեր բոլոր երեք նախագահներն էլ նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, չե՞ք կարծում չափազանց շատ է երկու տասնամյակում երեք անգամ փոփոխել սահմանադրությունը:

Ես կարող եմ ասել, որ Բրիտանիան չունի սահմանադրություն, և հեչ չի նեղվում դրանից: Կարճ ասած, մենք անլուրջ տպավորություն ենք թողնում: Եվ ի միջի այլոց ասեմ, որ միջազգային այս թոհ ու բոհի մեջ անլրջությամբ մի պահ տրորում անցնում ենք, դա պետք է մեր ճակատներին գրենք: Հետո չասենք մերը հայի բախտ է, երբ որ չեմ նայում 20-25 տարի մեր, այսպես կոչված, քաղաքական դաշտը,  ռուսերեն ասած “выкрасить и выбросить”: Հասկանո՞ւմ եք, այդ գավառամտությունը լինի դա քաղաքացիական դաշտում, քաղաքական դաշտում, ամեն տեղ աչք է ծակում: Ընդհանուր վիճակը վատթարացող է, բայց ամեն դեպքում կան հետաքրքիր կողմեր, զարգացումներ:

Մեր քաղաքական ուժերը սահմանադրական այս փոփոխությունների մեջ շեշտը դրել են հիմնականում կառավարման մոդելի փոփոխության, իշխանության հնարավոր վերարտադրման վրա՝ մոռանալով Հայաստանի քաղաքացիների համար ավելի կարևոր դրույթների մասին: Օրինակ՝ ընդերքի հարցը, ռազմավարական նշանակության օբյեկտների ազգայնացման հարցը, մոնոպոլիայի նվազման հարցը և այլն: Չե՞ք կարծում՝ սրանք ավելի օրակարգային հարցեր են:

Սահմանադրության մեջ ամեն ինչ չպետք է գրված լինի: Սահմանադրությունը դա հիմքն է: Կարելի է մտածել նման բաներ գրել: Բայց մեզ մոտ բացակայում է սահմանադրական մշակույթը: Մեզ մոտ պարզ գրված է, որ պատգամավորն իրավունք չունի զբաղվել բիզնեսով: Հիմա սկսել են մի մանկապարտեզ: Ես չունեմ բիզնես, տատս է պահում, զոքանչս է պահում, ծիծաղելի է: Հայաստանում գիտեք ի՞նչն է վտանգավոր, որ բոլորն ամեն ինչ գիտեն: Սահմանադրությունում գրված է, բայց ձևեր են թափում: Ճի՞շտ է: Դրա համար եմ ասում՝ ի՞նչ կապ ունի՝ ինչ կա գրված սահմանադրության մեջ, մենք բոլորս օրինապաշտ չենք, այդ թվում օրենքից ղժղժացողները: Ի՞նչ ենք հիմա հերթական թատրոն խաղում: Հերի՛ք է արդեն:

Այսինքն՝  ոչինչ չի փոխվելու, միայն ժողովրդի մեջ ինչ-որ շփոթմունք են մտցրել իրենց հերթական խաղը խաղալու համա՞ր:

Ժողովրդին այդ խառնողները, որպես կանոն, նրանք են, ովքեր պայքարում են իշխանության համար: Աշխարհը մեր շուրջ փոխվում է, իսկ մենք շարունակում ենք ինչով զբաղվել: Մեր այսօրվա դժգոհները, այնքան կարճատես են, որ ուղղակի բան չեն նախաձեռնում փոփոխվող աշխարհի պայմաններում և պնդում են միայն իշխանափոխություն: Մենք արդեն ունեցել ենք իշխանափոխություն 1991թ.-ին իրավիճակն ավելի վատացավ: 1998 թ.-ին ևս ունեցանք իշխանափոխություն: Հիմա մենք ի՞նչ ենք խոսում, այս ի՞նչ հայոց համազգային թատրոն ենք բացել արդեն 25 տարի: Վերջ ի վերջո, սա ավարտվելու է հերթական ցեղասպանմամբ: Հերթական: Ո՞վ պետք է լուծի խնդիրները: Անգրագե՞տը, լոփո-լոփո խոսացո՞ղը, ամեն առիթով փողոց դուրս թռչո՞ղը՝ պայքարելու համար: Պետք է լուրջ մտածենք: Պետություն է չէ՞ մեր դիմաց: Պետության կառավարումը պրոֆեսիոնալ ոլորտ է: Մենք հո՞ չենք նստի ինքնաթիռ, որը վարում է փողոցում ամենաբարձր գոռգոռացողը: Այդ դեպքում ինչո՞ւ ենք համաձայն նստել մի պետության մեջ, որտեղ անգրագետը, անբարոյականը, բոլորից շատ գոռգոռացողներն են ղեկավարում: Ամբողջ ազգով պատրաստ ենք նստել անգրագետների կողմից քշվող պետություն: Նորմա՞լ է: Դրա համար մեր  քաղաքական և քաղաքացիական էլիտային մի հանձնարարական ունեմ, թող իրենց այդ էլիտա կոչեցյալով ման գան երկրորդ Ծիծեռնակաբերդի համար տեղ, որովհետև իրենց գործունեությունը դրան է բերում: Ման գան ու հաջորդ ցեղասպանության հուշահամալիրի կառուցման մրցույթ հայտարարեն, որովհետև իրենց գործունեությունը այլ բանի չի բերի: Անբարոյականը կույս է իրեն ձևացնում, անգրագետը գրագետ, գրագետներին էլ ձեռք են առնում: Մեր գլխով, պատկերավոր ասած, արդեն հրթիռներ են թռչում Կասպից ծովից մինչև Սիրիա, մենք նստած հիմարություններով ենք զբաղված:          

Եվ այս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ի՞նչ անենք, ի՞նչ ելքեր եք տեսնում, որ Հայաստանը կկարողանա դուրս գալ այս վատթարացող իրավիճակից:    

Մենք բոլորս այսուհետ պետք է գնահատենք պրոֆեսիոնալներին: Պահանջենք, որ պրոֆեսիոնալները ասպարեզ իջնեն: Դե՛ն շպրտենք այս խոսացող գլուխներին՝ բոլորին, շուրջ 90 տոկոսին կարելի է հանգիստ ուղարկել ցածր վարձատրվող թոշակի: Պահանջել արժանիներից լուծել խնդիրների ցանկը, որ մենք ունենք: Եվ վե՛րջ: Հերի՛ք է: Անգրագետ, շահամոլ կամ այլ տեսակի մարդկանց բերել իշխանության ու սպասել, որ ինչ որ բան լավ է լինելու, հիմարություն է: 10 անգամ էլ՝ ընդդիմությունը գա իշխանության, վիճակը մի սանտիմետր չի փոխվելու, որովհետև մենք պետք է այլ մոտեցում ունենանք: Մենք պետք է ազգային հոգով  յուրաքանչյուր պրոֆեսիոնալի, այսինքն՝ իրական ազգային էլիտային հատ-հատ հայտնաբերենք, դնենք գլխներիս ու ասենք լուծեք մեր խնդիրները: Սա է լուծումը: Մենք էլ ամեն մեկս մեր գործով պետք է զբաղվենք: Այն 11 պետությունները, որոնք՝ ուսումնասիրել եմ, որ թռիչք են ունեցել երկրորդ աշխարհամարտից հետո, իրենք այդպես են վարվել: Էլիտան իր ձեռքն է վերցրել կառավարումը, ու 30-40 տարուց հետո պետությունը թռիչք է արձանագրել: Մեզ անլուրջ են նայում, մենք դառնում ենք տրորված տարածք: Մեր ԶԼՄ-ների 50 տոկոսը գրանտալափ են: Մենք սիրում ենք միայն իշխանությանը քննադատել, բայց որքան շատ են այդ գրանտալափերը, ովքեր փողոց են դուրս գալիս, միասեռականության համար դոշ ծեծում: Եթե մենք անբարոյական ենք, մեր ճակատագիրը կլինի անբարոյականի ճակատագիր, իսկ եթե մենք հանդուրժում ենք անբարոյականությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ուզում լավ ապրել: Մի կին ինձ ասաց՝ գիտես ամենամեծ պրոբլեմն ինչն է, որ ապուշն էլ է ուզում լավ ապրել: