Սարգսյանը հերթական գլխափոխությանն է պատրաստվում

8

Սեպտեմբերի 8-ին նախատեսվում է ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստ: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել Կառավարության հրաժարականի հարցը: Նշվում է, որ Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Կարեն Կարապետյանը, մի շարք նախարարական պորտֆելներ ևս կփոխարինվեն: Ի դեպ, այս լուրերը չեն ժխտում նաև ՀՀԿ-ական գործիչները՝ նշելով, որ փոփոխությունները օրինաչափ են:

Զավեշտալին այն է, որ Սարգսյանի կառավարման ժամկետին մնացել է ընդամենը 8 ամիս, բայց վերջինս շարունակում է իր բարեփոխումների իմիտացիան: Չենք մոռանում Տիգրան Սարգսյանի տապալված կառավարությունը, որին հաջորդեց Հովիկ Աբրահամյանի էլ ավելի ողբերգական կառավարությունը, և այժմ սպասվում է նոր կառավարության ձևավորում և տարիներ շարունակ վարչապետի աթոռին սպասող Կարեն Կարապետյանի պաշտոնավարում: Ակնհայտ է, որ նախորդների օրոք Հայաստանում արտաքին և պետական պարտքը 6 տոկոսով աճեց, արտագաղթը հատեց 300 հազարի շեմը, գործազրկության մակարդակը բարձրացավ, աղքատության շեմն արդեն ողբերգական սահմանագծին մոտ է: Ի՞նչ է փոխելու Սերժ Սարգսյանի վերջին կառավարությունը, միանշանակ ասել չենք կարող, բայց վստահաբար ոչ մի լավ բան, պարզապես ռուսական սապոգը Կարեն Կարապետյանի հովանու ներքո ավելի կխրվի հայկական իրականություն՝ ավելի խորացնելով հայոց վասալությունը:

Երբ Սերժ Սարգսյանը մարտի 1-ով նստեց գահին, բոլորը մտածում էին սրանից վատ ինչ կարող էր անել, սակայն կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանն իր կառավարման տարիներին ժամ առ ժամ վատթարացրեց Հայաստանի իրավիճակը, դեռևս Քոչարյանից ժառանգած Հայաստանի ռազմավարական օբյեկտների վաճառքի սովորույթը շարունակվեց և ամեն ինչ հանձնվեց օտարներին, Արցախյան հարցում միայն պարտվողական բանակցություններ, ապրիլյան քառօրյա պատերազմ, որին  չհաջորդեցին լուրջ պաշտոնանկություններ, համապատասխան պատիժներ, օֆշորային գոտիներում ճախրող կաթողիկոս և պաշտոնյաներ, բռնություններ, ոստիկանապետության հաստատում, ուղեղների արտահոսք, հայ-թուրքական զարելի արձանագրություններ…էլ որն ասենք…

Սարգսյանի հակահայ քաղաքականությունը սահմաններ չի ճանաչում, նույնիսկ դժվար է այս 10 տարիների ընթացքում նրա արած բոլոր քայլերը հիշելը, պարզապես ժամանակն է թոթափելու այս այլատյաց ուժերի լուծը, որն ամենևին չի նշանակում գլխափոխություն, որով Սարգսյանն ուզում է իր դիրքերը ամրապնդել, մեզ հարկավոր է համակարգային փոփոխություն, ազգային պետության հիմնում, օտարների լծից ազատագրում և իրապես ազատ Հայաստանի կերտում:

Իրականում ոչինչ էլ չի փոխվելու նոր կառավարության ձևավորմամբ, ոչ մի նորեկ իր վրա չի վերցնելու վերոնշյալ խնդիրների լուծումը, քանզի նրանք շարունակելու են նախորդի հայաստանաքանդ գործը՝ նպաստելով սարգսյանական համակարգի ամրապնդմանը: