Սարգսյանի հանդեպ ճնշումներն ավելանում են՝ Լուկաշենկո, Նազարբաև և կրկին ԵՄ

9

Մինսկի հանդիպումը Սերժ Սարգսյանի համար բավական հետաքրքիր էր, բայց ոչ զարմանալի: Զարմանալի չէր, քանզի Սարգսյանը գիտեր Մաքսային Միության անդամներից որոշների համար ինքն այդքան էլ ցանկալի չէ, հետաքրքիր էր, քանզի ՄՄ-ի շրջանակներում նոր շրջադարձեր են սպասվում: Այն, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեղմ ասած, հակահայ կեցվածք ունի, դա բազմիցս է ապացուցվել, բայց որ նա նաև երկերեսանի քաղաքականություն է վարում, սա նույնպես ակնհայտ է: Լուկաշենկոյի այցերի մասին Հայաստան բոլորս ենք տեղյակ, քանզի դրանք շատ վեհաշուք են և խիստ մասսայականացված: Լուկաշենկոն եկավ այստեղ, մտավ այնտեղ, այստեղ ճաշեց, այնտեղ խանութ բացեց, մյուս տեղում ժապավեն կտրեց, Սարգսյանին ողջունեց, Գագիկ Ծառուկյանին ողջագուրվեց, հայտարարեց, որ Հայաստանն իր ամենալավ բարեկամն է, բայց հենց կողքից հեռանում են հարազատները, Լուկաշենկոն սկսում է խոսել այն, ինչ մտածում է, և ոչ թե է խոսել այն, ինչ ասվել է, որ ասի: Լուկաշենկոն, բնավ հարազատի պես հայկական էլիտայի բոլոր խրախճանքներին մասնակցում է, բայց բուն Հայաստանի մասին միշտ հակահայ վերաբերումնք է ցուցաբերում: Ասենք ամիսներ առաջ Izvestia պարբերականին տրված հարցազրույցի շրջանակներում Լուկաշենկոն հայտարարել էր, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծեն Ռուսաստանն ու Ադրբեջանը, որ Հայաստանը կապ չունի այդ հարցի հետ: Իսկ հայաստանյան վեջին այցից հետո հայտարարել էր, որ Հայաստանի ՄՄ-ին անդամագրվելու հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի հետ: Եվ ահա արդեն իր հայրենի Մինսկում նշում է, որ  Հայաստանը Մաքսային միությանը մոտ ապագայում անդամագրվել չի կարող, և որ դրա համար պետք է ընթացակարգ անցնի: Սրանից ավել էլ ինչ է ուզում մեր նախագահը Լուկաշենկոյին գոնե ՀՀ անունից այդքան ճոխ չընդունելու համար: Բայց ի դեպ, մերոնք այդքան ընդդիմանում էին ՄՄ-ին անդամագրվելու շուրջ՝ նույնիսկ չմտածելով, որ իրենք այնտեղ չսպասված հյուր են: Թերևս միայն Ռուսաստանն է ոգևորված առաջ մղում Հայաստանին, իր երազած կայսրության սահմաններն ընդլայնելու՝ մինի Խորհրդային միություն վերստեղծելու համար:

 Հայաստանին, մեղմ ասած, տանել չի կարողանում նաև Ղազախստանը: Այս երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վերաբերմունքի մասին բազմիցս ենք լսել: Վերջինս Ադրբեջանի շահերն է պաշտպանում, նույնիսկ մեր պատմական հողերը գտնում է, որ Ադրբեջանինն են: Այսինքն՝ արդեն երկու երկիր է Հայաստանին դեմ ՄՄ-ի շրջանակներում: Բայց հենց այս երկրներն են Ռուսաստանի հետ գլխավորում Մաքսային միությունը և հենց նրանց հետ ենք ուզում ընդհանուր մաքսային դաշտ մտնել: Եթե Ղազախստանի առումով էլի ընդունելի է վերաբերմունքը, քանզի այդ երկրի հետ բնականաբար սահման չունենք, նաև խիստ ցածր մակարդակի վրա է առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև, ապա Հայաստանն ու Բելոռուսը առևտրաշրջանառություն են իրականացնում, Հայաստանում մեծ ծավալների է հասնում բելառուսական ապրաքները, սկսած քաղցրավենիքից, վերջացրած ավտոմեքենայով: Հապա ինչո՞ւ է Բելառուսը պնդում, որ Հայաստանը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի ՄՄ-ին անդամագրվելու համար: Մյուս հետաքրքիր շրջադարձը Նազարբաևի կողմից Թուրքիային ՄՄ-ին անդամագրվելու հրավիրելն էր: Եվ մեկ հարված Հայաստանին և ևս մեկ փաստ, որ ՄՄ-ի անդամները չեն ուզում մեր ներկայությունն այդ միության կազմում:

Բայց զավեշտալին այն էր, որ մինչ Սարգսյանը ուղևորվում էր Մինսկ, Բրյուսելից մեր դուռը թակեցին ու հոպ բանաձև, որի մասին թերևս չզարմացանք: ԵԽ բանաձևը ԼՂՀ-ի վերաբերյալ միանշանակ հօգուտ Հայաստանի չէր, բանաձևում խոսվում էր ՄԱԿ-ի կոնվենցիայի, մարդու իրավունքների ու նման հեքիաթների մասին՝ պահանջելով, որ պետք է Ադրբեջանի իբր թե «գրավյալ հողերը» վերադարձվեն և այլն և այլն, ինչը միանշանակ դեմ է Հայաստանին ու նրա շահերին, բայց մի՞թե Սարգսյանն ու իր էլիտար կառավարությունը չգիտեին ԵԽ-ի կարծիքի մասին:Եվրոպան բազմիցս է նշել իր հակահայ դիրքորոշման մասին՝ առանց թաքցնելու: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Հայաստանը փակուղու մեջ է՝ չնայած ՄՄ-ի, և ԵՄ-ի քաղցր խոսքերին: Այս երկու կառույցները նույն խաղի մեջ են և առաջ են քաշում այնպիսի բանաձևեր ու գաղափարներ, որոնք լիովին չեն համընկնում մեր պետակական շահերի հետ: Սարգսյանն ակնհայտ ճնշումների տակ է:

Ի՞նչ խաղ են խաղում գերտերությունները Հայաստանի գլխին, մի՞թե փորձում են ԱՊՀ և ԵՄ-ի միջոցով Հայաստանին պարտադրել զիջումների գնալ, իսկ Սարգսյանը շարունակում է լռել ու ոչ մի պատասխան չտալ: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս մարդը կամ չի հասկանում քաղաքականությունից ոչինչ, կամ հասկանալով է մեզ տանում փակուղի՝ մոռանալով, որ հայը միշտ ելքեր գտնում է:

 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};